ՀՀ քննչական կոմիտեի հերթական քննչական բաժինը նոր, վերանորոգված վարչական տարածք ունի․ բացման արարողությանը մասնակցել է Արգիշտի Քյարամյանը (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, 2024թ․ մարտի 18-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի Խանջյան 43 հասցեում տեղակայված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի նոր վարչական տարածքի բացման արարողությունը։
Արգիշտի Քյարամյանը արարողության մյուս մասնակիցների հետ շրջել է հիմնովին վերանորոգված տարածքում, ծանոթացել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև՝ քննչական բաժնի աջակցող ստորաբաժանման աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային նոր պայմաններին։ Նրան ներկայացվել է կատարված շինարարական աշխատանքների ընթացքը և այն կարիքները, որոնց թելադրանքով ձեռք է բերվել նոր տարածքը։
Մինչ նորամուտը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժինը մյուս երկու բաժինների հետ տեղակայված է եղել մեկ շենքում, որտեղ քննիչների խիտ տեղաբաշխումն էական դժվարություններ է ստեղծել քրեադատավարական պահանջներին համապատասխան ծառայողական գործունեությունն իրականացնելու, քննչական, վարութային գործողությունները պատշաճ կատարելու առումով։
Նոր տարածքը ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ վերանորոգումն ու տեխնիկական հագեցվածությունն ապահովվել է պետական բյուջեից շուրջ 57մլն. ՀՀ դրամի հատկացման արդյունքում։
Վարչական տարածքը համալրված է քննչական գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով։ Յուրաքանչյուր քննիչի համար, սահմանված կարգով, նախատեսվել է առանձնասենյակ, բաժինն ապահովվել է անչափահասների հետ քննչական գործողություններ կատարելու, ճանաչման, իրեղեն ապացույցների, արխիվի և այլ աշխատասենյակներով՝ կահավորված անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Քննչական կոմիտեի նախագահը կարճ զրույց է ունեցել քննչական բաժնի աշխատակիցների հետ, շնորհավորել նորամուտի կապակցությամբ։
Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային պայմանների բարելավումը ոչ առաջնային, սակայն կարևոր նախապայման է՝ ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև՝ քաղաքացիների սպասարկումը առավել բարձր մակարդակով իրականացնելու համար։ Պետության կողմից նման հոգածությունը, որը դրսևորվում է նաև քննիչների սոցիալական երաշխիքների բարելավմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսքերով, պետք է փոխհատուցվի բարձր արդյունավետությամբ, հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրենց գործառույթների շրջանակներում, քննիչների ընդգծված նվիրվածությամբ։
Արգիշտի Քյարամյանը կիսվել է քննիչների հետ նաև Քննչական կոմիտեի զարգացման տեսլականով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է՝ համակարգը բարձր պրոֆեսիոնալներով համալրելու, մարդկային ու նյութական ներուժը հզորացնելու և միասնական մոտեցումներով ու մեթոդաբանությամբ նախաքննություն ապահովելու ուղղությամբ։