Ուղերձներ, ելույթներ, հարցազրույցներ
08.10.15, 17:04

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Մեծարգո՛ հյուրեր, հարգելի՛ գործընկերներ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր:

2014 թվականի հունիսի 28-ին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասինե օրենքն ուժի մեջ մտավ, սակայն Քննչական կոմիտեն լիարժեք սկսեց գործել հոկտեմբերի 8-ից: Այսօր մասնագիտական այս տոնը համընկնում է Կոմիտեի ծննդյան մեկամյա տարեդարձի հետ: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում ներկաներին հանդիսավոր նիստին իրենց պատվավոր մասնակցությունը բերելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առաջին իսկ օրերից անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել նորաստեղծ կառույցի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառույցի կայացման ընթացքը եղել է աննախադեպ ու ծայրահեղ լարված:

Առաջնային և ամենակարևոր խնդիրներից մեկը քննչական կոմիտեի և դեպարտամենտի գործունեության իրավական հիմքերի ձևավորման աշխատանքներն էին: Կարճ ժամանակաշրջանում մշակվել
  և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր: Ձևավորվել են կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքները, կոլեգիալ մարմինները և այլ ստորաբաժանումներ: Կատարվել են կադրային նշանակումներ՝ 118 թափուր հաստիքներ համալրվել են որակյալ կադրերով:

Հայաստանի քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործում:

Այսօր նպատակահարմար չեմ համարում հանգամանորեն ներկայացնել մեր աշխատանքի վիճակագրությունը, այն վկայում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ նպատակասլաց համագործակցության շնորհիվ Կոմիտեն ակտիվորեն ներգրավվել է հանցավորության դեմ պայքարում, նկատելիորեն բարելավվել է նախաքննության որակը:

2015 թվականի վեց ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 1243 քրեական գործ նախորդ տարվա 888 գործի դիմաց, ինչը 355-ով ավել է: 2014 թվականի երկրորդ կիսամյակ է փոխանցվել 487-ով պակաս գործ: Կիսամյակի ընթացքում էապես կրճատվել են նախաքննության ժամկետները, 50 տոկոսով կրճատվել է մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերի թիվն ու անհիմն կարճված և կասեցված գործերը:

Միաժամանակ կցանկանայի նշել քննիչների ծանրաբեռնվածության մասին, որը կազմում է 20.400 գործ, նախորդ տարվա 16.616 գործի դիմաց, ինչը 23 տոկոսով ավել է:

Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը 45 գործ է, իսկ մերժված նյութերով հանդերձ՝ 65:

Համեմատելու համար ասեմ, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում՝ 5 ու միայն Բելառուսում և Տաջիկստանում՝ 45 գործ:

Անելիքները դեռ շատ են: Քննիչների 60 տոկոսը մինչև երկու տարվա աշխատանքային փորձ ունի: Շարունակելու ենք կադրերի հետ տարվող աշխատանքը:

Գիտակցելով, որ Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման երաշխիքներից է ազնիվ, սրտացավ և արհեստավարժ քննիչների առկայությունը, համակարգը համալրելու ենք հենց այդպիսի քննիչներով՝ հետևողականորեն կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության սկզբունքները: Անհրաժեշտ է հարգել քննիչի
  դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին, այլ հոգատարությամբ նպաստել նրա գործունեությանը:

Հասարակությունը մեծ սպասելիք ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: Այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:

Կոմիտեի մարմինների և ստորաբաժումների գերակշիռ մեծամասնությունը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ: Դրանք շատ սուղ են: Պարզ է, որ մեկ աշխատանքային սենյակում 3 քննիչի առկայության դեպքում էապես նվազում է կատարված քննչական գործողությունների արդյունավետությունը:

Քննիչների հետ տարվում է հետևողական ուսուցում, մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթի ամենօրյա աշխատանք՝ քննության տակտիկային և մեթոդիկային տիրապետելու, հանցագործությունների բացահայտման գործում օպերատիվ-հետախուզական, փորձաքրեագիտական և մյուս մարմինների հետ պատշաճ համագործակցություն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքները հարգելու, օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու, կոնկրետ հանցատեսակների քննության բնագավառում մասնագիտանալու ուղղությամբ:

Ներկայացվող բարձր պահանջների պայմաններում քննիչների տեխնիկական հագեցվածության ապահովման առումով մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Այդ նպատակով մեր կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում բարեփոխումների 2015-2017 թվականների ռազմավարությունը, մասնավորապես՝ նախաքննության կազմակերպման գործում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելու, տարբեր գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններից օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալու կառուցակարգեր ստեղծելու, քրեական դատավարության ոլորտում մարդկային և նյութական ռեսուրսները խնայելու և նպատակային օգտագործելու ուղղությամբ:

Մենք լավ պատկերացնում ենք, գիտենք մեր անելիքներն ու ամեն ինչ անելու ենք դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ այդ նպատակին հասնելու համար ոչինչ չենք խնայի: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել հանրապետության Նախագահին, Կառավարությանն ու Ազգային ժողովին համակարգի կենսական և կարևորագույն խնդիրները լուծելու գործում հոգածություն ցուցաբերելու համար: