Պաշտոնական
    08.01.25, 15:57

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

    Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը:

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

    Դեսպանն իր խոսքում նույնպես կարևորել է Քննչական կոմիտեի հետ ունեցած ակտիվ գործընկերությունը և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

    Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը:

    Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցության շրջանակներում կազմակերպված Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացների, վերապատրաստումների արդյունավետությանը:

    Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել իրավական փոխօգնության ոլորտում արագ արձագանքելու համար և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը միմյանց հետ համագործակցելու ուղղությամբ: