ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
20.12.23, 10:50

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 18-ի N142-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 20.12.2023թ. N 304-Լ )

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ  

18.05.2023թ. N 142-Լ
Ինկորպորացիա առ 20.12.2023թ. N 304-Լ

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթութը փոփոխող իրավական ակտ

ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ, ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՀԱՆՋԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 126-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դատարանի որոշմամբ կիրառվող խափանման միջոց ընտրելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները դատարան ներկայացնելու և ձերբակալման գործընթացները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև մինչդատական ակտերի վիճարկման վարույթով դատարանի պահանջած նյութերի ներկայացումն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 108-ից 114-րդ հոդվածները, 118-րդ հոդվածի 5-րդ մասը, 285-րդ հոդվածի 1-ից 6-րդ մասերը, 302-305-րդ հոդվածները և ղեկավարվելով Նորմատիվ  իրավական ակտերի մասին  Հայաստանի Հանրապետության  օրենքի  37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային  ստորաբաժանումների պետերին՝
1) դատարանի որոշմամբ կիրառվող խափանման միջոց ընտրելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները,  մինչև քննիչի կողմից դատարան ներկայացնելը, անձամբ ուսումնասիրել դրանցում  արտացոլված տվյալների հավաստիությունը և համապատասխանությունը  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 285-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին.
2) ստուգել միջնորդությանը կցված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն Օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին
3) հետևել Օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված պահանջների պահպանմանը.
4) որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողության, տնային կալանքի կամ կալանքի ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ քննիչի հետ քննարկել խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը դատարան ներկայացնելու հարցը.
5) հսկողություն իրականացնել  ձերբակալման որոշում կայացնելիս  իրավական հիմքի ճիշտ ընտրության և Օրենսգրքի 108-ից 114-րդ հոդվածներով նախատեսված մյուս պահանջների պահպանման  նկատմամբ.
6) հսկողություն սահմանել մինչդատական ակտերի վիճարկման վարույթով դատարանի  պահանջած  նյութերը քննիչի կողմից  ժամանակին ներկայացնելու նկատմամբ.
7) անձամբ ստուգել դատարան ներկայացվող նյութերի ամբողջականությունը.
8) դատարանի որոշմամբ կիրառվող խափանման միջոց ընտրելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները  քննիչի կողմից Օրենսգրքի 285-րդ հոդվածի  2-ից 6-րդ մասերի պահանջերը չպահպանելու հիմքով մերժվելու կամ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով մերժվելու կամ ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու  պատճառաբանությամբ մերժվելու, ինչպես նաև դատարանի կամ դատախազի որոշմամբ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվելու, դատարանի պահանջած նյութերը քննիչի կողմից  չներկայացնելու հիմքով անձի բողոքը  բավարարելու դեպքերում՝ համապատասխան որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, դրա պատճենը  և միջնորդությունը մերժելու,  ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու կամ դատարանի պահանջած նյութերը քննիչի կողմից չներկայացնելու պատճառների վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնել Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալին և Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին.
9) դատարանի կողմից տնային կալանքը կամ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հրապարակելուց անմիջապես հետո հետամուտ լինել քննիչի կողմից որպես համակցված խափանման միջոց բացակայելու արգելքի կիրառմանը: (ենթ. լրաց. 20.12.2023. N 304-Լ)

2. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝
1) որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողության, տնային կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում համապատասխան միջնորդությունը դատարան ներկայացնել կիրառված խափանման միջոցի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 8 օր առաջ.
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթով բողոքին վերաբերող նյութերը դատարան ներկայացնել ժամանակին.
3) դատարանի կողմից տնային կալանքը կամ վարչական հսկողությունը կիրառելու մասին որոշումը հրապարակելուց անմիջապես հետո որպես համակցված խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը և Կոմիտեի նախագահի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 91-Լ հանձնարարականով սահմանված կարգով համապատասխան տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
(ենթ. լրաց. 20.12.2023. N 304-Լ)

3. Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալներին՝
սույն հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո ուսումնասիրել առկա խնդիրները և համապատասխան միջոցներ ձեռնարկել հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ:

4. Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին՝
սույն հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո պարզել նախնական ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայությունը և արդյունքների վերաբերյալ զեկուցագիր ներկայացնել Կոմիտեի նախագահին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի «Որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ» թիվ 126-Լ հրամանը։

6. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց։

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ