ՀՀ քննչական կոմիտեն գործարկել է իր նոր պաշտոնական կայքը
ՀՀ քննչական կոմիտեն, համակարգի ծառայողի օրվա և կառույցի ձևավորման 9-ամյակի շրջանակներում, գործարկել է իր նոր պաշտոնական կայքը։
Նոր կայքի գործարկման հիմնական նպատակն է այցելուների համար առավել դասակարգված, մատչելի և հասանելի դարձնել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև` առավել բարձրացնել ՀՀ քննչական կոմիտեի հանրային հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը։
Կայքի այցելուները կարող են լիարժեք և ամբողջական տեղեկություն ստանալ Քննչական կոմիտեի կառուցվածքի, գործառույթների, գործունեության ամբողջ շրջանակի օրենսդրության, կադրային համալրման և այլ գործընթացների վերաբերյալ, առնչվել հաշվետվողական, կատարողական բոլոր հրապարակային փաստաթղթերին։
Կայքը հիմնված է դիզայներական ժամանակակից լուծումների, ճկունության, ինչպես նաև` դյուրին կառավարման հատկանիշների վրա։ Այն մշակվել է՝ պահպանելով պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները, իսկ ծրագրային ապահովումների հիմքում դրվել են էլեկտրոնային կառավարման, վեբ դիզայնի ժամանակակից մոտեցումների պահպանման առաջնահերթությունները՝ ապահովելով նաև ավելի մեծ ինտեգրում առցանց տեղեկատվա-հաղորդակցային այլ ռեսուրսների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի նոր պաշտոնական կայքը պարունակում է քաղաքացիների հետ հաղորդակցության, քաղաքացիների սպասարկման առանցքային նոր գործիքներ։ Մասնավորապես, ներդրվել է Կոմիտեում ընդունելության համար հերթագրման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ընդունելության համար հերթագրվելիս կցել իրենց հետաքրքրող խնդրին վերաբերելի փաստաթղթեր, տվյալներ։
Բացի այդ, հաշվի առնելով տեղեկատվության մեծ ծավալները՝ ներդրվել է փնտրման եռաստիճան համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ըստ ժամանակագրության, կայքի բաժինների և բանալի բառերի հեշտությամբ և արագ գտնել փնտրվող տեղեկատվությունը։
Էականորեն թարմացվել է նաև կայքի հանրային իրազեկման բաղադրիչը։ Մասնավորապես` քաղաքացիները հնարավորություն ունեն, արդեն ըստ Քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումների, մատչելի կերպով ծանոթանալ քրեական վարույթի նախաձեռնման ընթացակարգին, քրեական վարույթի հանրային և մասնավոր մասնակիցների շրջանակին և նրանց ֆունկցիոնալ դերակատարությանը, իմանալ ձերբակալվածի, մեղադրյալի, տուժողի, վկայի, ինչպես նաև` քրեական վարույթների շրջանակներում անչափահասների իրավունքներն ու պարտականությունները։
Կայքն ունի հետագա արդիականացման հնարավորություն, և այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեն բաց է շահառուների, կայքից օգտվող հանրային ու մասնագիտական բոլոր շրջանակների համար՝ պաշտոնական կայքի արդյունավետության և օգտակարության մակարդակի բարձրացմանը միտված կառուցողական առաջարկությունների, դիտարկումների քննարկման նկատառումներով։