Լրահոս
04.08.23, 11:35

ՀՀ քննչական կոմիտեում քննվող վարույթներով խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկան բարելավվել է․ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեում քննվող վարույթներով խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկան բարելավվել է․ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել է 2023թ․ ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով կիրառված խափանման միջոցերի պրակտիկան՝ հաշվի առնելով նաև 2022թ․ հուլիսի մեկից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով ներդրված նոր խափանման միջոցների գործարկման ազդեցությունը։

Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ 2023թ․ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 1188 միջնորդություն, որից 990-ը բավարարվել է, իսկ 198-ը՝ մերժվել: 2022թ․ նույն ժամանակահատվածում  նշված խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացվել է 901 միջնորդություն, որոնցից 719-ը բավարարվել է, 182-ը՝ մերժվել։

Չնայած բացարձակ թվերով կալանավորման միջնորդությունների քանակն ավելացել է, սակայն իրականում տեղի է ունեցել էական նվազում։

Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 901 միջնորդությունները ներկայացվել են տվյալ ժամանակահատվածում քննվող ընդհանուր 27482 վարույթի պայմաններում, ապա 2023թ․ նույն ժամանակահատվածում 1188 միջնորդությունները ներկայացվել են քննվող 56545 վարույթի պարագայում։ Այսինքն՝ կալանքի միջնորդությունների 32% ավելացումը տեղի է ունեցել վարույթում քննվող գործերի շուրջ 106%-ով ավելացման պայմաններում։ Կամ եթե խափանման միջոց կալանավորման միջնորդությունների քանակը 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում քննվող գործերի համեմատ կազմել է 3,3%, ապա 2023թ․ նույն ժամանակահատվածի դեպքում՝ 2,1%։

Կալանքից ազատվել է 234 անձ, ինչը նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 50-ով կամ 32%-ով:

Բարելավվել է նաև ՀՀ ՔԿ քննիչների կողմից ներկայացված՝ խափանման միջոց կալանքի միջնորդությունները դատարանի կողմից բավարարելու ցուցանիշը։ Դատարան ներկայացված 1188 միջնորդություններից բավարարվել է 990-ը կամ 83,3%-ը, այն դեպքում, երբ 2022թ․ նույն ժամանակահատվածում դատարանի կողմից բավարարված՝ ՀՀ ՔԿ քննիչների կողմից ներկայացված միջնորդությունների 79,8%-ն է բավարարվել։ Վերջինս փաստում է դատարան ներկայացվող միջնորդություններում մեղադրյալի նկատմամբ կալանավորում խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը վկայող պայմանները և հիմքերն ավելի առարկայական և փաստարկված ներկայացնելու, միջնորդորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացման մասին։ 

ՀՀ քննչական կոմիտեում կատարված ամփոփումը փաստում է, որ ՀՀ ՔԿ ստորաբաժանումների քննիչների կողմից 2023թ․ առաջին կեսին դատարան է ներկայացվել քրեադատավարական պրակտիկայում ընդամենը մեկ տարվա կիրառություն ունեցող խափանման միջոցներից մեկը՝ տնային կալանքը, կիրառելու մասին 65 միջնորդություն, որից 56-ը կամ 81%-ը բավարարվել է: 54 դեպքում էլ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում:

8 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նոր ներդրված խափանման միջոցներից մյուսը՝ վարչական հսկողությունը կիրառելու մասին, որից բավարարվել է 7-ը: 11 դեպքում  վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում: