Պաշտոնական
15.04.15, 14:18

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնության ապահովման, կարողութունների զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։
 
«Քննչական կոմիտեն նախաքննություն իրականացնող մարմին է`կոչված ապահովելու հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու, թե իրավապահ մարմինները, քննչական մարմինները ինչպիսի քայլեր են իրականացնում՝ հանցագործությունները բացահայտելու, հանցագործության հետևանքով խախտված իրենց իրավունքները վերականգնելու, օրինականություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ արձանագրելով, որ կոմիտեի պաշտոնական կայք-էջը, որը մշակվել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ, ուղղված է ապահովելու քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը:
 
«Կոմիտեի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ հաճախ սահմանափակվում են քրեական դատավարության ընթացքում ներգրավված անձանց իրավունքները եւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում խստագույնս պահպանվի օրինականությունը: Վստահ եմ, որ հրապարակայնության ապահովումը կնպաստի ոչ միայն կոմիտեի ամենօրյա աշխատանքի մասին ընդհանուր տեղեկացվածությանը, այլ նաեւ՝  քաղաքացիների՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը», - ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը:
 
Անդրադառնալով Քննչական կոմիտեի տեխնիկական վերազինմանը` Ա.Հովսեփյանը կարեւորել է տարածքային եւ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համար անհրաժեշտ աշխատանքային պայամանների ստեղծումը, որն էապես ազդում է կոնկրետ քրեական գործերով նախաքննության կազմակերպման որակի եւ արդյունավետության վրա: Հատկապես կարեւորվել է տեղեկատվական բազաների ստեղծումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած տեխնիկական աջակցությամբ մայրաքաղաքի երկու քննչական բաժնում փորձարկվում է քրեական գործերի նյութերի թվայնացումը: Փորձնական ծրագրի արդյունքներով կքննարկվի քննչական բոլոր տարածքային ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման ներդրման հարցը, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական բազաներ, հետագայում ունենալ նաեւ ներքին ցանց եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն:
 
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան քրեական արդարադատության համակարգի խթանումը, որին և, հուսով են, կնպաստեն այս ջանքերը:
 
Կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր եւ նախանշել այն զարգացնելու նոր ուղղություններ: