ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի Քննչական կոմիտեների միջև ձևավորվել են փոխգործակցությունն ապահովող արդյունավետ կառուցակարգեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով։ Այս տարիների ընթացքում համատեղ իրականացված միջոցառումները նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը՝ կոչված ապահովելու երկու երկրներում քաղաքացիների իրավունքների պատշաճ քրեաիրավական պաշտպանությունը։ ՔԿ-ն նախագահը հույս է հայտնել, որ հանցավորության դեմ պայքարում այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը։
Բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական շփումները՝ դեսպան Կոպիրկինը հավաստել է ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկել օրակարգային խնդիրները՝ նախանշելով համագործակցության նոր ուղղություններ։