Լրահոս
19.03.19, 11:45

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ամփոփել է ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ամփոփել է ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝ բաժնի կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանը ներկայացրել է 2018 թվականի ընթացքում քննչական բաժնի կողմից կատարված աշխատանքները:

Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում փաստացի աշխատել է 8 քննիչ, քննվել է 504 քրեական գործ՝ նախորդ տարվա 430 քրեական գործի դիմաց, քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 63 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 17.68%-ով, ինչը պայմանավորված է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճով: 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, ինչպես նաև տվել հանձնարարականներ՝ քրեական գործերի նախաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախաքննության որակի բարձրացման, քննության օպերատիվության վերաբերյալ:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը քննչական բաժնի անձնակազմին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսևորել սրտացավ և կոռեկտ վարքագիծ:

«Քաղաքացին, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն և ձեր կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի և պետության հետ: Դուք պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերեք յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններից տուժող քաղաքացիներին կամ նրանց իրավահաջորդներին պետք է ընդունեն ստորաբաժանման ղեկավարները»,- շեշտել է ՔԿ նախագահը:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է ոչ միայն պահպանել, այլ նաև ավելացնել աշխատանքի ինտենսիվությունը:

«Քննիչը պետք է ունենա սպայի հոգեբանություն, պետք է լինի պարկեշտ, ազնիվ և պատրաստակամ»,- ասել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով բաժնի պետին ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման: