ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018թ. սեպտեմբերի 5-ի N147-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 14.03.2022թ. N49-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
05.09.2018թ. N 147-Լ
Ինկորպորացիա առ 14.03.2022թ. N49-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:
3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։
Հ.Գրիգորյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
05.09.2018 թ.
թիվ 147-Լ հրամանի
(հավելվածը շարադրվել է
նոր խմբագրությամբ 02.03.2022. N 42-Լ)
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն (այսուհետ՝ նախնական ուսումնասիրություն) կատարելու կարգը։
2.Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կատարված առերևույթ կարգապահական խախտման առկայությունը պարզելու նպատակով մինչև կարգապահական վարույթի հարուցումը կատարվում է նախնական ուսումնասիրություն:
3.Նախնական ուսումնասիրությունը կատարում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը (այսուհետ Վարչություն)` ի դեմս Վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
4.Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Կոմիտեի վարչական շենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ վայրերում։
5.Նախնական ուսումնասիրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:
ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ
6.Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթ է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը:
7. Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթներ կարող են լինել նաև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու մասին՝
1) հայտնաբերված առերևույթ կարգապահական խախտման մասին Կոմիտեի նախագահի տեղակալի, ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը.
2) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի միջնորդությունը.
3) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.
4) լրատվության միջոցի հաղորդումը.
5)Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները:
8.Նախնական ուսումնասիրության առիթների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կատարված առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկում է Վարչություն։
Հանձնաժողովի անդամի կողմից նախնական ուսումնասիրություն կատարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Հանձնաժողովի անդամի միջնորդությունը ներկայացնում է Կոմիտեի նախագահին:
9.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այն իրականացնելիս սահմանափակվում է նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ, իսկ ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում դրանք նույնպես ստուգվում և պարզաբանվում են՝ այդ մասին նախապես զեկուցելով Կոմիտեի նախագահին։
ԳԼՈՒԽ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. Նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
1) առերևույթ կարգապահական խախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետևանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը).
2) առերևույթ կարգապահական խախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը).
3) առերևույթ կարգապահական խախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները։
ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը լիազորված է՝
1) սահմանված ժամկետներում իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախնական ուսումնասիրություն՝ կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.
2) պարզաբանել առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքներն ու պարտականությունները:
3) Կոմիտեի նախագահի և Վարչության պետի պահանջով պարբերաբար ներկայացնել նախնական ուսումնասիրության նյութերը և զեկուցել ընթացքի մասին.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել առերևույթ կարգապահական խախտման և դրան առնչվող հանգամանքների և անձանց մասին.
5) դիմել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին բացատրություն տալու նպատակով նախնական ուսումնասիրությանն աջակցող այլ անձանց Վարչություն ներկայանալու հարցում աջակցություն ստանալու համար.
6) ուսումնասիրել առերևույթ կարգապահական խախտման փաստին առնչվող քրեական, քաղաքացիական, կարգապահական կամ վարչական վարույթի նյութեր և Կոմիտեի տնօրինության տակ գտնվող այլ փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում դրանց կրկնօրինակները կցել նախնական ուսումնասիրության նյութերին.
7) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից, ինչպես նաև նախնական ուսումնասիրությանն աջակցող այլ անձանցից.
ա. հեռավար կարգով` համացանցի օգտագործմամբ՝ տեսակապով կամ,
բ. գրավոր կարգով՝ հարցեր պարունակող փաստաթուղթ ուղարկելով և դրանց պատասխանները, որպես բացատրություն, նախնական ուսումնասիրություն իրականացնող անձին ներկայացնելով,
գ. առանձին դեպքերում՝ նախնական ուսումնասիրություն իրականացնելու վայրում.
8) կատարել զննություն.
9) իր իրավասության սահմաններում լուծել առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի միջնորդությունները:
12. Նախնական ուսումնասիրություն իրականացրած ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական վարույթի ընթացքում պարտավոր է՝
1) ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը և առերևույթ կարգապահական խախտում կատարելու փաստական հիմքը.
2) պատասխանել Հանձնաժողովի նախագահի և անդամների կամ լսումների մասնակիցների Կոմիտեի նախագահի միջնորդությանը վերաբերող հարցերին.
3)ներկայացնել Կոմիտեի նախագահի դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման մասին:
13. Վարչության պետը լիազորված է՝
1) նախնական ուսումնասիրությունը հանձնարարել Վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ կամ մի քանի անձի, տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.
2) նախնական ուսումնասիրության ընթացքում դրա իրականացումը գրավոր հանձնարարել Վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող այլ անձանց.
3) մասնակցել նախնական ուսումնասիրության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել նախնական ուսումնասիրություն.
4) նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ համապատասխան հիմքերի առկայության պայմաններում որոշում կայացնել նախնական ուսումնասիրությունների նյութերը միացնելու, անջատելու, ինչպես նաև կասեցնելու և վերսկսելու վերաբերյալ.
5) հաստատել նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունը և այն ներկայացնել Կոմիտեի նախագահի քննարկմանը, իսկ եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում՝ անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր. (փոփ. 14.03.2022. N 49-Լ)
6) մասնակցել կարգապահական վարույթին՝ օգտվելով լսումների մասնակցի իրավունքներից:
ԳԼՈՒԽ 5
ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի՝
1) նախնական ուսումնասիրությանը մասնակցելու պահից ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին.
2) իմանալ, թե ինչում է կասկածվում և բացատրություն տալ դրա վերաբերյալ.
3) բացարկ ներկայացնել, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է նախնական ուսումնասիրության ելքով։ Բացարկի հարցը լուծում է Կոմիտեի նախագահը.
4) նախնական ուսումնասիրության ընթացքում միջնորդություններ ներկայացնել առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև նախնական ուսումնասիրության նյութերին իր միջնորդությունը հիմնավորող փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.
5) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ ու դիտողություններ.
6) նախնական ուսումնասիրության ավարտից հետո, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի միջոցով ողջամիտ ժամկետում ծանոթանալ նյութերին (բացառությամբ նախաքննական, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), ինչպես նաև նյութերին ծանոթանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել միջնորդություններ.
7) եզրակացությունը Կոմիտեի նախագահին ներկայացնելուց հետո ցանկության դեպքում ծանոթանալ դրան և ստանալ պատճենը: (փոփ. 14.03.2022. N 49-Լ)
15. Առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է.
1) նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով ներկայանալ նախնական ուսումնասիրության իրականացման վայր, մասնակցել անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
2) նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած նախնական ուսումնասիրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և այլ նյութերը (առարկաները)։
ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄԸ
16. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի զեկուցագրի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ Վարչության պետի որոշմամբ.
1) մեկ վարույթում կարող են միացվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու վերաբերյալ երկու կամ ավելի նախնական ուսումնասիրության նյութերը.
2) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի մեկ կամ մի քանի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ նախնական ուսումնասիրության նյութը կարող է առանձնացվել առանձին վարույթում, եթե դա բացասաբար չի անդրադառնա նախնական ուսումնասիրության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության վրա:
17. Երկու կամ ավելի նախնական ուսումնասիրության նյութերը միացնելու դեպքում նախնական ուսումնասիրության ժամկետը հաշվարկվում է առավել երկար ժամկետ ունեցող նախնական ուսումնասիրության նյութի ժամկետով: Առանձին վարույթում նյութերն առանձնացնելիս՝ առանձնացված նյութի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է սույն կարգի 7-րդ գլխով սահմանված ժամկետներում, որի դեպքում ժամկետի սկիզբը հաշվարկվում է նյութերն առանձնացնելու պահից:
ԳԼՈՒԽ 7
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
18.Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում: Սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բավարարելու դեպքում նախնական ուսումնասիրության ժամկետը երկարացվում է երեք օրով:
19. Նախնական ուսումնասիրությունը սկսվում է Կոմիտեի նախագահի կողմից նախնական ուսումնասիրություն կատարելու մակագրությամբ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերը Վարչությունում մուտքագրվելու օրը:
20.Նախնական ուսումնասիրության ժամկետը նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Վարչության պետի կողմից կարող է երկարացվել մինչև 30 օրով, եթե.
1) նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից անկախ պատճառներով չեն ստացվել այլ մարմին կատարված հարցումների պատասխանները.
2) նախնական ուսումնասիրության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ։
21.Նախնական ուսումնասիրության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում նախնական ուսումնասիրությունը սույն կարգով նախատեսված հիմքերով եղել է կասեցված։
22. Նախնական ուսումնասիրությունն ավարտվում է այն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից նախնական ուսումնասիրության արդյունքներով եզրակացություն կազմելու համար բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու մասին արձանագրություն կազմելով:
23. Նախնական ուսումնասիրությունը վերսկսելուց հետո այն կատարվում է 15-օրյա ժամկետում և կարող է երկարացվել սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 8
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության դատախազության և նախաքննության մարմինների քննարկմանն է ուղարկվել նախնական ուսումնասիրության նյութը՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.
2) նախնական ուսումնասիրություն նշանակելուց հետո պարզվել է, որ փաստի առթիվ նախաքննության մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.
3) Նախնական ուսումնասիրության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ Կոմիտեի այն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.
4) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծանր հիվանդ է կամ գտնվում է արձակուրդում (գործուղման մեջ)՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել նախնական ուսումնասիրության վերջնական ընթացքը.
5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է նախնական ուսումնասիրության կատարմանը։
25. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում նախնական ուսումնասիրությունը կասեցվում է այն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի զեկուցագրի հիման վրա՝ Վարչության պետի որոշմամբ։
26. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում նախնական ուսումնասիրությունը վերսկսվում է սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
27. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնել նախնական ուսումնասիրության կասեցման կամ վերսկսման մասին այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու վերաբերյալ դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը։
28. Սույն կարգով նախատեսված հիմքերով նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել առերևույթ կարգապահական խախտում կատարելու օրվանից հետո առավելագույնը 12 ամիս ժամկետով։ Առերևույթ կարգապահական խախտումը կատարելու օրը պարզված չլինելու դեպքում նշված ժամկետը հաշվարկվում է առերևույթ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից:
ԳԼՈՒԽ 9
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
29. Նախնական ուսումնասիրությունը դադարեցվում է, եթե՝
1) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա Կոմիտեի այլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք չկան.
2) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվել է Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով.
3) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները կամ կատարված խախտումը կոպիտ կամ պարբերական չէ.
4) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը առերևույթ կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.
5) նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ.
6) լրացել է սույն կարգի 28-րդ կետով նախատեսված նախնական ուսումնասիրությունը կասեցնելու առավելագույն ժամկետը.
7) առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը բացատրությամբ ընդունել է խախտման մեջ իր մեղավորությունը, որի համար կարող է կիրառվել «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը:
30. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կազմում է եզրակացություն նախնական ուսումնասիրությունը դադարեցնելու մասին, իսկ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշների առկայության դեպքում եզրակացությամբ առաջարկություն է ներկայացնում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ Հանձնաժողովին դիմելու մասին, որը ներկայացվում է Կոմիտեի նախագահին:
31. Նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունը ստանալուց հետո Կոմիտեի նախագահը. (փոփ. 14.03.2022. N 49-Լ)
1) Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշների առկայության դեպքում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմում է Հանձնաժողովին.
2) իր դիտողություններով և առաջարկություններով՝ համապատասխան մակագրությամբ, վերադարձնում է եզրակացությունը.
ա. լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու,
բ. եզրակացությունը խմբագրելու, փոփոխելու,
գ. առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը վերագնահատելու նպատակով:
(1-ին, 2-րդ ենթ. փոփ. 14.03.2022. N 49-Լ)
32. Եզրակացությունը խմբագրելու, փոփոխելու կամ առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը վերագնահատելու նպատակով համապատասխան մակագրությամբ վերադարձված եզրակացության խմբագրումը, փոփոխումը կամ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության վերագնահատումն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով համապատասխան մակագրությամբ եզրակացությունը վերադարձնելու դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունը կատարվում է նախնական ուսումնասիրության համար սահմանված կարգով և ժամկետներում:
33. Սույն կարգի 29-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում նախնական ուսումնասիրությունը իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կազմում է եզրակացություն, որի հիման վրա Վարչության պետը կարգապահական խախտում թույլ տված Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի նշանակման վերաբերյալ զեկուցագրով առաջարկություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին:
ԳԼՈՒԽ 10
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
34. Նախնական ուսումնասիրության ընթացքը (այդ թվում՝ առերևույթ կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից նախնական ուսումնասիրության նյութերին ծանոթանալը) և արդյունքները նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը գրանցում է արձանագրություններում և գրավոր այլ փաստաթղթերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ դրանց կցված հավելվածներում։ Նախնական ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները պարունակող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը։ Եզրակացության հիմքում չեն կարող դրվել Օրենքի և սույն կարգի պահանջների խախտմամբ ձեռքբերված փաստական տվյալներ։
35. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կազմում է սույն կարգով նախատեսված գրավոր և հեռավար կարգով (տեսակապով) ստացված բացատրության արձանագրություն, որը ստորագրում և ուղարկում է բացատրություն տված անձի անհատական ծառայողական էլեկտրոնային հասցեին՝ ծանոթանալու նպատակով: Բացատրություն տված անձը արձանագրությունը ստորագրելուց հետո դրա սքանավորված տարբերակը սույն կետով նախատեսված կարգով ուղարկում է նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին:
36. Նախնական ուսումնասիրության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում նյութերը համապատասխան զեկուցագրով ներկայացվում են Կոմիտեի նախագահին։
37. Նախնական ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված օրենքի խախտումները, եթե դրանք կոպիտ կամ պարբերական բնույթ չեն կրում, քննարկվում են օպերատիվ խորհրդակցությունում՝ հետագայում այդպիսիք բացառելու համար:
38.Եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական֊ պատճառաբանական և եզրափակիչ մասերից.
1) ներածական մասում նշվում են տվյալներ եզրակացությունը կազմելու վայրի, նախնական ուսումնասիրություն սկսելու առիթի, հիմքի և ժամկետի մասին.
2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են՝
ա. նախնական ուսումնասիրության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ տվյալները,
բ. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալները,
գ. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկությունները,
դ. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին բնութագրող այլ տվյալներ.
3) եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունները, նախնական ուսումնասիրություն իրականացրած անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, դասային աստիճանը, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը մասին։
ԳԼՈՒԽ 11
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ
39. Մինչև Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննարկումը, Կոմիտեի նախագահը Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունն ու կից փաստաթղթերը կարող է հետ կանչել դրանք խմբագրելու, փոփոխելու կամ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը վերագնահատելու նպատակով, ինչպես նաև նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում:
40. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հետ կանչված միջնորդությունն ու կից փաստաթղթերն ուղարկվում են Վարչություն՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունն ու կից փաստաթղթերը խմբագրելու, փոփոխելու, Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը վերագնահատելու, ինչպես նաև նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում՝ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով:
41. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունն ու կից փաստաթղթերը խմբագրելը, փոփոխելը կամ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության վերագնահատումն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում լրացուցիչ փաստական տվյալների ձեռք բերումը կատարվում է նախնական ուսումնասիրության համար սահմանված կարգով և ժամկետներում:
42. Կոմիտեի նախագահը Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացված միջնորդությունը կարող է հետ կանչել առերևույթ կարգապահական խախտման ծանրության աստիճանի և միջնորդությամբ ներկայացված կարգապահական տույժի համապատասխանությունը վերագնահատելու և առավել մեղմ կարգապահական տույժ կիրառելու անհրաժեշտության դեպքում՝ մինչև Հանձնաժողովի կողմից լրացուցիչ լսումներ սկսելը:
43. Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված հիմքով միջնորդությունը հետ կանչելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի նախագահը կարող է կրկին Հանձնաժողովին ներկայացնել Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ միջնորդություն կամ նշանակել Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից մեկը: