ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի ապրիլի 19-ի N41-L հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19.04.2021թ., N41-L
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպման և իրականացման լիազորություններն իրականացնելիս ձևավորված տվյալների հիման վրա վարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տվյալների բազա:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տվյալների բազայի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« __» «___» 2021թ.
N 41 - Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական Կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տվյալների բազայի վարման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Կոմիտեի տվյալների բազա` Կոմիտեի դեպարտամենտի արխիվում վարույթը կարճված, դատարան ուղարկված քրեական գործերով սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց վերաբերյալ հավաքված, մշակված, մուտքագրված և համակարգված տեղեկությունների ամբողջություն,
2) տեղեկատու-որոնողական համակարգ՝ էլեկտրոնային համակարգ, որում ամրագրված է Կոմիտեի տվյալների բազայում (այսուհետ՝ տվյալների բազա) ներառված տեղեկությունների ամբողջությունը,
3) տվյալների բազայի վարում՝ տվյալների բազայի ձևավորումը վարույթը կարճված, դատարան ուղարկված քրեական գործերով, տեղեկատվական քարտերը ստանալու, մշակելու, տվյալներ մուտքագրելու միջոցով, ինչպես նաև տեղեկություններ տրամադրելը,
4) տեղեկատվական քարտ` Կոմիտեի նախագահի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 61-Լ հրամանով հաստատված սահմանված ձևի և բովանդակության վարույթը կարճված, դատարան ուղարկված քրեական գործերով քարտ,
5) անկետային տվյալներ` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:
3. Տվյալների բազայի վարման նպատակը նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին իր լիազորությունների իրականացման նպատակով օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելն է:
4. Տվյալների բազան օգտագործվում է բացառապես Կոմիտեի լիազորություններն իրականացնելիս` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և օրենսդրությամբ սահմանված պահանջները:
5. Տվյալների բազան ձևավորվում է տեղեկատվական քարտերի հիման վրա, դրանցում նշված տեղեկությունները տվյալների բազայում մուտքագրման միջոցով:
6. Տեղեկատվական քարտերի լրացման, ուղարկման, ուղղման, ճշտության ստուգման, վերադարձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կոմիտեի նախագահի 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 61-Լ հրամանով հաստատված Կոմիտեի և Կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգով սահմանված ձևերով, կարգով և ժամկետներում:
2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Տվյալների բազան ներառում է տեղեկություններ.
1) մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան՝ անկախ հանցագործության ծանրությունից,
2) կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և/կամ քրեական գործի վարույթը կարճվել է՝ անկախ հանցագործության ծանրությունից.
3) անձի վերաբերյալ, որի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
4) հանցագործության մասին հաղորդում տված անձի վերաբերյալ.
5) տուժողի վերաբերյալ:
8. Տվյալների բազայից տեղեկություն կարող է տրամադրվել նաև հետևյալ չափանիշներով.
1) քրեական գործի համարով,
2) քրեական գործի հարուցման հոդվածով,
3) քրեական գործի կարճման հիմքով,
4) ընտանեկան բռնության դեպքերի քանակով,
5) քրեական գործի հարուցման/կարճման ժամանակահատվածով,
6) քրեական գործ հարուցող/կարճող Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման կամ այլ նախաքննական մարմնի անվանումով,
7) կարճված կամ դատարան ուղարկված, այդ թվում՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթով քրեական գործերի քանակով:
3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Տվյալների բազայից օգտվելու իրավունք ունեն Կոմիտեի նախաքննություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք՝ իրենց լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիական ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակներում՝ ըստ անհրաժեշտության:
10. Տվյալների բազայից տեղեկություններ ստանալու համար կազմվում են հարցումներ գրության տեսքով, ստորագրվում Կոմիտեի համապատասխան մարմնի, ստորաբաժանման պետի կողմից:
11. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալու համար յուրաքանչյուր անձի վերաբերյալ ներկայացվում է առանձին հարցում՝ նշելով անունը, ազգանունը, հայրանունը:
12. Հարցումներն ներկայացվում են անմիջապես Կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետին՝ «Mulberry» էլեկտրոնային համակարգով:
13. Չստորագրված հարցումները վերադարձվում են առանց կատարման:
14. Պահանջվող տեղեկությունները տրամադրվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Շտապ» նշումով հարցումները՝ մեկ աշխատանքային օրվա:
15. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պահանջվող տեղեկության առկայության դեպքում Կոմիտեի դեպարտամենտի արխիվի ծառայողը տեղեկությունը տպագրում է անմիջապես համակարգչից, իսկ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պահանջվող տեղեկության տրամադրման համար կազմվում է պատասխան գրություն: Տրամադրվող տեղեկությունը կամ պատասխան գրությունը ստորագրում է Կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետը՝ նշելով այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը:
16. Պահանջվող տեղեկության բացակայության դեպքում Կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետը գրությամբ հայտնում է հարցումն ուղարկողին տվյալների բազայում հայցվող տեղեկությունների բացակայության մասին: Գրությունը ստորագրում է Կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետը՝ նշելով այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը: