ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
28.09.22, 07:31

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի մարտի 23-ի N32-Լ հանձնարարականը (ինկորպորացիա՝ լրացված 28.09.2022թ. N 162-Լ)

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

 

Ինկորպորացիա առ 28.09.2022թ. N 162-Լ
23.03.2021թ. N 32-Լ  

 

Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ գրագրության գործընթացը կանոնակարգելու նպատակով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի թիվ 1267-Ն որոշմամբ սահմանված պահանջները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հանձնարարում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
1) Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների հետ ցանկացած գրագրություն (նամակ, տեղեկատվության հարցում և այլն) իրականացնել բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով.
2) Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններից, հյուպատոսական հիմնարկներից և միջազգային կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն տեղեկատվության հարցում ուղարկել,  եթե առկա է տվյալ անձի՝ իր վերաբերյալ տեղեկություններ ստանալու գրավոր համաձայնությունը (կցվում է հարցմանը).
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված իրազեկումները. (փոփ. 28.09.2022. N 162-Լ)
4) Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գրությունների նախագծերը մինչև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ուղարկելը, «Mulberry» էլեկտրոնային համակարգով համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի հետ:

2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

Հ. Գրիգորյան