ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 28-ի N114-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
28.07.2022թ. N114-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում երկարամյա ծառայության ստաժ ունեցող անձանց հանրային, հանրօգուտ գործունեությունը խթանելու, բարեկեցությունն ապահովելու, իրավունքների և շահերի պաշտպանության համար աջակցություն ցուցաբերելու նպատակով.
Հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկարամյա ծառայության ստաժ ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանն աջակցելու նպատակով իրականացնել Կոմիտեի վետերանների խորհուրդ ձևավորելու աշխատանքներ:
2. Կոմիտեի վետերանների խորհրդում անդամակցությունը կատարվում է կամավորության սկզբունքով:
3. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին՝
Կոմիտեի վետերանների խորհուրդ ձևավորելու և անդամներով հավաքագրելու նպատակով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Այվազյանին ներկայացնել այն անձանց տվյալները, ովքեր ցանկություն են հայտնել ընդգրկվելու Կոմիտեի վետերանների խորհրդում:
4. Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Այվազյանին՝
1) աջակցություն ցուցաբերել Կոմիտեի վետերանների խորհրդի ձևավորման աշխատանքներում.
2) մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը Կոմիտեի նախագահին ներկայացնել Կոմիտեի վետերանների խորհրդում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց ցանկը և կանոնադրության նախագիծը:
5. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Ա. Քյարամյան