ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N233-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
09.11.2022թ. N233-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԵՐԴԻՐԻ ՁԵՎԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՆԻՔԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով և 12֊րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ.
1. Հաստատել.
1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վկայականի, անձնական կնիքի նկարագրերը և դրանց հատկացնելու կարգը» համաձայն՝ N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վկայականի ներդիրի ձևը» համաձայն՝ N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական կնիքի ուրվագիծը համաձայն՝ N 3 հավելվածի։
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի առաջին բաժնի պետին:
Ա. Քյարամյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
09.11. 2022թ. N233-Լ հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (այսուհետ՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ) վկայականի, անձնական կնիքի նկարագրերը և դրանք հատկացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վկայականը (այսուհետ՝ վկայական) Կոմիտեում պաշտոնատար անձ հանդիսանալը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված դասային աստիճանը, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է։
3. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար ներկայացնում է վկայական։
4. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական կնիքն (այսուհետ՝ կնիք) օգտագործվում է պաշտոնական փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, պահարանները, դռները, այլ առարկաները կնքելու համար։
5. Շահադիտական կամ անձնական բնույթի այլ նպատակների համար վկայականը կամ կնիքն օգտագործելը, այլ անձանց փոխանցելը կամ կորցնելը կարող է առաջացնել կարգապահական և օրենքով սահմանված պատասխանատվություն։
6. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել իրեն հատկացված վկայականը և կնիքը, պաշտպանել դրանք վնասումից և ոչնչացումից։
2. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
7. Վկայականը բաղկացած է կազմից, ներդիրից և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անհատականացման համարի նշումով՝ Կոմիտեի խորհրդանիշի պատկերով՝ մետաղյա խորհրդանշանից (այսուհետ՝ խորհրդանշան)։
8. Վկայականի կազմը 102x150 միլիմետր չափսի է, պատրաստվում է սև կաշվից կամ կաշվե փոխանյութից:
9. Վկայականի կազմը ներսի մասում ունի վերին և ստորին գրպանիկներ, որոնցից՝ վերին գրպանիկի արտաքին մակերեսը թափանցիկ նյութից է, ստորինը՝ կաշվից կամ կաշվե փոխանյութից, միջնամասը 50 միլիմետր տրամագծով՝ թափանցիկ մակերեսով, որի տակ տեղադրվում է խորհրդանշանը։
10. Վկայականի կազմի վերին թափանցիկ գրպանիկում տեղադրվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լուսանկար պարունակող, երկկողմանի գրառումներ ունեցող, 85x55 միլիմետր չափսի ներդիրը:
11. Ներդիրի դիմերեսը կազմված է աջ և ձախ հատվածներից: Ձախ հատվածում դրվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի 35x45 միլիմետր չափսի գունավոր, դիմահայաց լուսանկարը՝ համազգեստով (մուգ կապույտ բաճկոնով, սպիտակ վերնաշապիկով և փողկապով), պարզորոշ երևացող ուսադիրներով, իսկ լուսանկարի ստորին աջ անկյունում դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի ուրվագիծն այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի վրա: Լուսանկարի ներքևի ձախ անկյունում՝ տպագրվում է «Ուժի մեջ է…» գրառումը, իսկ բազմակետի փոխարեն լրացվում է համապատասխան օրը, ամիսը, տարեթիվը: Ներդիրի աջ հատվածի կենտրոնական մասում՝ ոչ արտահայտիչ երանգով, տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վերին աջ անկյունում՝ հայերեն մեծատառերով, մեկ տողով տպագրվում է «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը, որը ներդիրի մնացած մասից անջատվում է հորիզոնական գծով: Հորիզոնական գծից ներքև՝ հայերեն մեծատառերով տպագրվում է «ՎԿԱՅԱԿԱՆ N…» գրառումը՝ բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը, որի տակ տպագրվում են՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ստորաբաժանման անվանումը, զբաղեցրած պաշտոնը և դասային աստիճանը: Հաջորդ տողում՝ աջ անկյունում, հայերեն մեծատառերով տպագրվում է «ՆԱԽԱԳԱՀ» գրառումը, որի տակ՝ Կոմիտեի նախագահի անվան սկզբնատառը և ազգանունը, իսկ նշված գրառումների դիմաց՝ միջնամասում, դրվում է նրա ստորագրությունը: Աջ հատվածի վերջին տողում հայերեն փոքրատառերով տպագրվում է «Հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքով» գրառումը:
12. Ներդիրի դարձերեսի վերին հատվածում՝ ռուսերենով, իսկ ստորին հատվածում՝ անգլերենով լրացվում է նույն տեղեկատվությունը, ինչ ներդիրի դիմերեսին հայերենով «բացառությամբ՝ լուսանկարի և «Ուժի մեջ է …» գրառման»:
3. ԿՆԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
13. Կնիքը լինում է ռետինե, այն շրջանաձև է, տրամագիծը՝ 44 միլիմետր, շրջանագծի երկայնքով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» գրառումը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, շրջանագծի ներսում՝ Կոմիտեի խորհրդանիշի պատկերը, կենտրոնում՝ կնիքի հերթական համարը։
4. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
14. Վկայականը պատրաստելու, հաշվառելու և հատկացնելու հետ կապված աշխատանքները կազմակերպում և իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը։
15. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակման, ինչպես նաև պաշտոնի կամ դասային աստիճանի փոփոխման դեպքում դրա վերաբերյալ համապատասխան հրամաններին ծանոթանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, վկայական ստանալու համար Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում սույն կարգի 11-րդ կետով նախատեսված լուսանկարի էլեկտրոնային տարբերակը։
16. Վկայականը հատկացվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից լուսանկարը տրամադրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ պաշտոնի նշանակման, ինչպես նաև պաշտոնի կամ դասային աստիճանի փոփոխման օրվանից՝ հինգ տարի ժամկետով։
17. Վկայականի ներդիրը կամ վկայականը փոխարինվում է նորով դրանում պարունակվող տեղեկությունների փոփոխման, կատարված գրառումներում անճշտությունների հայտնաբերման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում՝ համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հավաստող փաստաթղթերի հիման վրա։
18. Վկայականի կամ դրա բաղկացուցիչ մասի կորստյան, հափշտակվելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն անհապաղ այդ մասին զեկուցագրով տեղեկացնում է տվյալ ստորաբաժանման պետին և հայտարարություն տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։
19. Կորած վկայականի կամ դրա բաղկացուցիչ մասի փոխարեն նորը հատկացվում է այն կորցնելու հանգամանքները պարզելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
20. Կորած վկայականը կամ դրա բաղկացուցիչ մասը Կոմիտեի նախագահի հրամանով համարվում է անվավեր, որի մասին հայտարարություն է տեղադրվում Կոմիտեի պաշտոնական կայքում։
21. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունն՝ ըստ անհրաժեշտության, մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը կազմակերպում է օգտագործման համար ոչ պիտանի վկայականի կամ դրա բաղկացուցիչ մասի ոչնչացումը՝ արձանագրությամբ։
22. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն է հանձնում իր վկայականը:
23. Վկայականների հաշվառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վկայականների հաշվառման» մատյանով (Ձև 1)։
5. ԿՆԻՔԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
24. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կնիքը հատկացնում է Կոմիտեի առաջին բաժինը։
25. Կնիքը վնասվելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այդ մասին զեկուցագրով տեղեկացնում է ստորաբաժանման պետին։ Ստորաբաժանման պետը Կոմիտեի գլխավոր քարտուղարի միջոցով կնիքը հանձնում է Կոմիտեի առաջին բաժին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում նոր կնիք հատկացնելու համար։
26. Կնիքի կորստյան կամ հափշտակվելու դեպքերում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այդ մասին անհապաղ զեկուցագրով տեղեկացնում է ստորաբաժանման պետին և հայտարարություն տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
27. Սույն կարգի 26-րդ կետում նշված դեպքերում նոր կնիք հատկացվում է հանգամանքները պարզելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Կորցրած կամ հափշտակված կնիքը համարվում է անվավեր Կոմիտեի նախագահի հրամանով, որի մասին հայտարարություն 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող որևէ լրատվության միջոցում։
28. Օգտագործման համար ոչ պիտանի կնիքները ոչնչացնելու նպատակով Կոմիտեի առաջին բաժնի կողմից դրանք հանձնվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված «Կնիքներ պատվիրելու» կարգի համաձայն՝ գլխավոր քարտուղարի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի եզրակացությամբ (Ձև N 2)։
29. Զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ միաժամանակ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կնիքը հանձնում է Կոմիտեի առաջին բաժին։
30. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող կնիքների հաշվառումն իրականացնում է Կոմիտեի առաջին բաժինը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող անձնական կնիքի հաշվառման» մատյանով (Ձև N 3)։
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
09.11.2022թ. N233- Լ հրամանի
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
09.11.2022թ. N233-Լ հրամանի