ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
09.11.22, 11:54

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N233-Լ հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ

 

09.11.2022թ. N233-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ  ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
 

Հրամայում եմ.



 Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի անցագրային ռեժիմի ապահովման և պահպանության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարչական շենքերում անվտանգությունն ապահովող միջոցառումների կողմնորոշիչ հրահանգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին՝
մեկամսյա ժամկետում կազմակերպել սույն հրամանով հաստատված գրանցամատյանները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները։

3. Սույն հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի անցագրային ռեժիմի ապահովման և պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կ.Հովհաննիսյանին:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

 

Ա. Քյարամյան

 

Հավելված N 1
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
09.11.2022թ. թիվ 135-Լ հրամանի

 

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կենտրոնական մարմնի վարչական շենքի (այսուհետ՝ Կոմիտեի վարչական շենք) անցագրային ռեժիմի ապահովման և պահպանության կանոնները:   

2. Սույն կարգի նպատակն է ապահովել Կոմիտեի վարչական շենքում ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողների, աշխատանքային պայմանագրով աշխատողների, տեխնիկական սպասարկում իրականացնող (այսուհետ՝ միասին աշխատողներ) և այլ անձանց անվտանգ գործունեությունը, ինչպես նաև Կոմիտեի վարչական շենքի և դրա տարածքի պահպանությունը:

3. Անցագրային ռեժիմը տարածվում է Կոմիտեի աշխատողների, ինչպես նաև վարութային գործողություններին մասնակցելու կամ այլ նպատակներով Կոմիտեի վարչական շենք այցելող անձանց (այսուհետ՝ այցելու) և բակի տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների վրա:  

4. Կոմիտեի վարչական շենքի շուրջօրյա պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գունդը (այսուհետ՝ գունդ) համապատասխան պահակետերով (այսուհետ՝ պահակետ)` Կոմիտեի գլխավոր քարտուղարի և գնդի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

5. Կոմիտեի վարչական շենքի և բակային տարածքի պահպանության, մուտքերի հսկողության և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, ինչպես նաև նյութական արժեքների շարժը Կոմիտեի վարչական շենքի մուտքերով կարգավորելու նպատակով սահմանվում է անցագրային ռեժիմ, ինչն ապահովվում է պահակետերի համապատասխան տեղաբաշխման միջոցով:

6. Սույն կարգով նախատեսված գրանցամատյանները համարակալվում են, կարվում և կնքվում Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից:

 

2. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ

 

7. Կոմիտեի վարչական շենք անձանց մուտքն իրականացվում է էլեկտրոնային պտտադռներով, որոնք գործարկվում են համապատասխան կոդավորմամբ էլեկտրոնային անցաքարտերով (այսուհետ՝ անցաքարտ) և անցագրերով, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

8. Աշխատողներին Կոմիտեի վարչական շենք մուտք գործելու համար տրամադրվում է համարակալված, անժամկետ անցաքարտ:
Առանց անցաքարտի՝ ծառայողական վկայականով, Կոմիտեի վարչական շենք մուտք կարող են գործել՝ Կոմիտեի այլ ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ծառայողները, տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք (առկայության դեպքում), ինչպես նաև սուրհանդակային ծառայության աշխատակիցները՝ պաշտոնեական լիազորությունները հավաստող համապատասխան փաստաթղթով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի աշխատակիցները Կոմիտեի վարչական շենք են մուտք  գործում տվյալ տարվա սկզբին համապատասխան մարմնի կողմից ներկայացված ցուցակի համաձայն՝ ծառայողական վկայականով:

9. Անցաքարտը մոռանալու, կորցնելու, ինչպես նաև էլեկտրոնային պտտադռների խափանման դեպքերում Կոմիտեի վարչական շենք աշխատողների մուտքը և ելքը գրանցվում է Կոմիտեի նախագահի կողմից հաստատված Կոմիտեի ներքին կարգապահական կանոններով նախատեսված աշխատողների հաճախումների գրանցամատյանում:

10. Անցաքարտի կորստի կամ խափանման դեպքում նոր անցաքարտ ստանալու համար աշխատողը գրավոր դիմում է Կոմիտեի գլխավոր քարտուղարին՝ մանրամասն նշելով կորցնելու հանգամանքները, որի դեպքում  կորած կամ խափանված անցաքարտն արգելափակվում է և աշխատողին տրամադրվում է նոր անցաքարտ:

11. Պաշտոնից,  ծառայությունից կամ աշխատանքից ազատման դեպքերում Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային  բաժին է ուղարկվում ազատման վերաբերյալ հրամանի պատճենը, իսկ Կոմիտեի  անցաքարտն՝ աշխատողի կողմից վերադարձվում Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային  բաժին:

12. Կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների անդամներին, Կոմիտեի ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատողներին, այդ թվում՝ փորձագետներին տրամադրվում է համապատասխան իրավական ակտով (աշխատանքային պայմանագրով) նախատեսված լիազորությունների իրականացման կամ աշխատանքային պարտականությունների կատարման ժամկետով անցաքարտ: Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կարող է տրամադրվել որոշակի ժամկետով անցաքարտ այն անձանց, ովքեր Կոմիտեի գործունեությամբ պայմանավորված որոշակի ժամանակահատվածում հաճախակի մուտք են գործում Կոմիտեի վարչական շենք:

13. Ծառայություն իրականացնող գնդի ծառայողների մուտքի և ելքի համար անցաքարտերը տրվում են գնդի հրամանատարի հայտի հիման վրա ծառայություն իրականացնող ոստիկանների թվին համապատասխան՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ:

14. Այցելուն Կոմիտեի վարչական շենք է մուտք գործում գլխավոր մուտքից, որտեղ նրան տրամադրվում է մեկանգամյա մուտքի անցաքարտ, որին կցվում է էլեկտրոնային համակարգից տպված և լրացված անցագիր: Այցելուները հաշվառվում են այցելուների հաշվառման գրանցամատյանում (Ձև 2):

15. Կոմիտեում անցկացվող վերապատրաստման ծրագրերի, քննարկումների, հանդիպումների կամ այլ միջոցառումների դեպքերում պատասխանատու ստորաբաժանումը այդ միջոցառումների կապակցությամբ անձանց ցանկը (նշելով անունը, ազգանունը և այն պետական մարմնի կամ կազմակերպության անվանումը, որի ներկայացուցիչ է հանդիսանում այցելուն) ներկայացնում է Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային  բաժին՝ մուտքն ապահովելու նպատակով: Սույն կետում նշված անձինք Կոմիտեի վարչական շենք են մուտք գործում առանց անցաքարտի և անցագրի՝ սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթի հիման վրա:

16. Այցելուի մեկանգամյա մուտքի անցագիրը համարակալված, միասնական ձևի փաստաթուղթ է (Ձև 1): Լրացված անցագրերը պահվում են Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային  բաժնում և արխիվացվում Կոմիտեի նախագահի կողմից հաստատված կարգով (այդ թվում՝ էլեկտրոնային համակարգում):

17. Այցելուին մեկանգամյա մուտքի անցաքարտ և անցագիր է տրամադրվում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, Կոմիտեի գլխավոր քարտուղարի, նրա տեղակալների, Կոմիտեի նախագահի խորհրդականների, Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների բանավոր հայտերով՝ այցելուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

18. Աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-ից 18.00-ն այցելուին մեկանգամյա մուտքի  անցաքարտ և անցագիր է տրամադրում Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային  բաժնի ծառայողը:

19. Հանգստյան, տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև ոչ աշխատանքային ժամերին Կոմիտեի վարչական շենք այցելուի մուտք գործելու մասին բանավոր հայտը ներկայացվում է Կոմիտեի վարչական շենքի գլխավոր մուտքում տեղակայված՝ կենտրոնական պահակետում ծառայություն իրականացնող գնդի ծառայողին: Գնդի ծառայողը այցելուի մուտքը կարող է ապահովել առանց անցագրի և անցաքարտի՝ անցագրերի հաշվառման գրանցամատյանում այցելության վերաբերյալ համապատասխան տվյալներ լրացնելու հիման վրա:

20. Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի մոտ ընդունելության դեպքերում, ինչպես նաև վարութային գործողությունների շրջանակներում այցելուին կարող է ուղեկցել գնդի ծառայողն՝ ըստ անհրաժեշտության:

21. Այցելուին անցաքարտ և անցագիր տրամադրելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝
ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը,
բ. զինվորական գրքույկը (ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը),
գ. վերադարձի վկայականը` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար,
դ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը,
ե. մինչև 16 տարեկան երեխաների համար՝ անձնագիրը, ծննդյան վկայականը,
զ. վկայականը (ծառայողական, փաստաբանի և այլն),
է. վարորդական իրավունքի վկայականը.

2)ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.

3) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝
ա. օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը,
բ. Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` (մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, կացության վկայականը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը), 
գ. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
դ. Հայաստանի Հանրապետության կացության քարտը.
4) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
5) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթը (ժամանակավոր ապաստանի վկայականը):

22. Արգելվում է Կոմիտեի վարչական շենք մուտք գործել հետևյալ առարկաներով.

1) զենք, ռազմամթերք,
2)  պայթուցիկ և դյուրավառ նյութեր,
3) թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող, քիմիական կամ թունավոր նյութեր,
4)  սուր կտրող և ծակող առարկաներ,
5)  բութ գործիքներ,
6)  ցանկացած տեսակի կենդանի:

23. Այցելուին կարող է արգելվել Կոմիտեի վարչական շենք մուտք գործել լուսանկարահանող, տեսանկարահանող կամ ձայնագրող սարքերով, կապի կամ տեխնիկական այլ միջոցներով (այդ թվում՝ բջջային հեռախոս, պլանշետ, դյուրակիր համակարգիչ, շարժական ռադիոկապ և այլն)՝ ըստ  անհրաժեշտության, բացառությամբ լրագրողների՝ կապված իրենց մասնագիտական գործունեության հետ:
24. Կոմիտեի վարչական շենք զենքով մուտք գործելու իրավունք ունեն զենք պահելու և կրելու թույլտվություն ունեցող Կոմիտեի աշխատողները, ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցող անձինք, ինչպես նաև սույն կարգի 31-րդ կետով նախատեսված այցելուին օրենքով սահմանված կարգով ամրակցված ուղեկցող աշխատակիցը, եթե նրա մուտքը նախատեսված է արարողակարգով:

25. Ակնհայտ ոչ սթափ վիճակում  գտնվող այցելուի մուտքը Կոմիտեի վարչական շենք արգելվում է, բացառությամբ բերման ենթարկված, ձերբակալված կամ կալանավորված անձանց:

26. Այցելուները Կոմիտեի վարչական շենք են մուտք գործում միայն գլխավոր մուտքից: Կենտրոնական պահակետում գնդի ծառայողը ստուգում է այցելուի՝ անցաքարտ և անցագիր ունենալու հանգամանքը, որից հետո նրան ներկայացնում է արգելված իրերի ցանկը և բանավոր հարցմամբ պարզում դրանց առկայությունը այցելուի մոտ:

27. Այցելուները (իրենց իրերով) ենթակա են պարտադիր ստուգման գնդի ծառայողի կողմից ստատիկ մետաղորսիչ սարքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում՝ Կոմիտեի վարչական շենք մուտք գործելուց առաջ, գնդի ծառայողի պահանջով այցելուն, նրա իրերը՝ (պայուսակները, ձեռնածանրոցները և այլն) ենթակա են ստուգման շարժական մետաղորսիչ սարքի միջոցով:
Մետաղորսիչ սարքի ազդանշանի առկայության դեպքում գնդի ծառայողը բանավոր հարցմամբ պարզում է ազդանշանի պատճառները, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուին ենթարկում կրկնակի ստուգման:

28. Այցելուին արգելվում է պայուսակով, ձեռնածանրոցով մուտք գործել Կոմիտեի վարչական շենք, երբ կասկած է հարուցում պայուսակի, ձեռնածանրոցի պարունակությունը կամ հնարավոր չէ ստուգել դրանցում արգելված իրերի առկայությունը:

Կոմիտեի վարչական շենք մուտք գործող այցելուի մոտ սույն կարգի 22-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված իրեր հայտնաբերվելու կամ նրա կողմից ներկայացվելու դեպքում, դրանք հաշվառվում են պահպանվող իրերի գրանցամատյանում (Ձև 3), որից հետո այցելուի ներկայությամբ տեղադրվում են կենտրոնական պահակետում առանձնացված համարակալված պահոցում և կողպվում: Պահոցի բանալին և իրերի հանձնման վերաբերյալ՝ պահոցի համարը կրող քարտը (Ձև 4) տրամադրվում է այցելուին, որից հետո նրան թույլատրվում է մուտք գործել Կոմիտեի վարչական շենք:

29. Այցելությունն ավարտվելուց հետո այցելուին ընդունած աշխատողը այցելության ավարտի ժամը նշում է նրա անցագրում, հաստատում իր ստորագրությամբ և վերադարձնում է այցելուին: Այցելուն անցաքարտը, իսկ առկայության դեպքում նաև առարկաները պահոց հանձնելու վերաբերյալ քարտը և պահոցի բանալին ներկայացնում է կենտրոնական պահակետի գնդի ծառայողին, ով ուսումնասիրելով այցելության ավարտման մասին գրառումը, այցելուին վերադարձնում է հանձնված իրերը: Այցելուն պահպանվող իրերի գրանցամատյանում ստորագրությամբ հաստատում է հանձնած իրերն ամբողջությամբ հետ ստանալու հանգամանքը:

30. Կոմիտեի վարչական շենքից դուրս գալուց առաջ այցելուն անցաքարտը  և անցագիրը վերադարձնում է Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժին, իսկ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերում՝ գնդի ծառայողին:

31. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց, դիվանագիտական և միջազգային, կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների մուտքը Կոմիտեի վարչական շենք կազմակերպվում է արարողակարգի պահանջներին համապատասխան:

32. Առանց անցաքարտի և անցագրի Կոմիտեի վարչական շենք կարող է մուտք գործել Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերի կամ գլխավոր քարտուղարի բանավոր հայտով ներկայացող այցելուն: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձինք հետևողականություն են ցուցաբերում այցելուի կողմից սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ:

33. Կոմիտեի անձնակազմի, սուրհանդակային ծառայությունների աշխատակիցների նկատմամբ չեն գործում սույն կարգի 22-րդ կետով նախատեսված կանոնները, բացառությամբ այն դեպքերի, երբ արգելված առարկաներով Կոմիտեի վարչական շենք մուտք գործելը պայմանավորված չէ պաշտոնեական լիազորություններով:

34. Լրագրողը, կապված մասնագիտական գործունեության հետ, Կոմիտեի վարչական շենք է մուտք գործում Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության պետի և Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի բանավոր հայտի հիման վրա՝ սույն կարգով սահմանված կանոններով:

35. Կոմիտեի վարչական շենքում գտնվող անձին շտապ բուժօգնություն ցույց տալու համար ժամանած բուժաշխատողը Կոմիտեի վարչական շենք է մուտք գործում անհապաղ՝ գնդի ծառայողի ուղեկցությամբ:

36. Անցաքարտերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը, դրանց տրամադրման ամփոփ ցուցակները, էլեկտրոնային պտտադռների համակարգչային գրանցման տվյալները, ինչպես նաև Կոմիտեի վարչական շենքի տարածքը, մուտքերն ու պահակետերը դիտարկող տեսախցիկների տեսաձայնագրությունները հրապարակման ենթակա չեն, որոնց  մշակման աշխատանքներն իրականացնում է Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային  բաժնի պետը՝ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ: Սույն կետում նշված տվյալներն այլ մարմիններին կարող են տրամադրվել միայն Կոմիտեի նախագահի թույլտվությամբ: 
 

    3. ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Կոմիտեի վարչական շենքի պահպանությունն իր մեջ ներառում է շենքի, դրա զբաղեցրած բակային և հարակից տարածքի, նյութական արժեքների հսկողության, պահպանության, անվտանգության ապահովման միջոցառումները:

38. Կոմիտեի վարչական շենքի պահպանությունն իրականացվում է գնդի ծառայողների կողմից տեղաբաշխված պահակետերի և շենքում տեղադրված անվտանգության և տեսահսկման սարքերի միջոցով: Տեսահսկման սարքերը միացվում են անխափան սնուցման սարքին, իսկ տեսաձայնագրման սարքերը (դիվիար) տեղակայվում՝ ոչ տեսանելի վայրում:

39. Կոմիտեի նյութական միջոցները Կոմիտեի վարչական շենքից դուրս են բերվում Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի պետի և գնդի ծառայողների հսկողությամբ՝ գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված համապատասխան փաստաթղթի հիման վրա: Սույն կետով սահմանված կանոնները չեն տարածվում իրեղեն ապացույցների տեղափոխման վրա:

40. Գնդի համապատասխան պահակետով Կոմիտեի վարչական շենքի բակ մուտք են գործում Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով հաստատված ցանկում ընդգրկված ավտոմեքենաները, ինչպես նաև՝ ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխող ավտոմեքենաները: Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով հաստատված Կոմիտեի վարչական շենքի բակ մուտք գործելու թույլտվություն ունեցող մեքենաների ցանկը տրամադրվում է պահակետին:

41. Ըստ անհրաժեշտության Կոմիտեի վարչական շենքի բակ կարող են մուտք գործել նաև 40-րդ կետով չնախատեսված այլ ավտոմեքենաներ՝  Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի, նրա տեղակալների և Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերի թույլտվությամբ, որոնք հաշվառվում են համապատասխան պահակետի գնդի ծառայողի կողմից՝ Կոմիտեի բակային տարածք մուտք գործող ավտոմեքենաների գրանցամատյանում (Ձև 5):

42. Կոմիտեի վարչական շենքում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Կոմիտեի աշխատողի կողմից աշխատանքային օրվա ընթացքում տևական ժամանակով բացակայելու, ինչպես նաև  երկարատև բացակայության (արձակուրդ, գործուղում և այլն) դեպքում պարտավոր է անջատել աշխատասենյակի լուսավորությունն ու էլեկտրական սարքերը, փակել պատուհաններն ու դուռը: Անվտանգության և ազդանշանային համակարգով համալրված աշխատասենյակի համակարգն աշխատանքային օրվա ավարտից հետո ենթակա է ակտիվացման:

43. Հրդեհի նշաններ հայտնաբերելու, այլ արտակարգ իրավիճակի կամ կոմունալ  վթարի դեպքում գնդի ծառայողները դեպքի մասին անհապաղ տեղեկացնում են գլխավոր քարտուղարին և/կամ նրա տեղակալներին, քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի պետին և Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների պետերին, ահազանգում փրկարար կամ համապատասխան այլ  ծառայություն, իսկ անհրաժեշտության դեպքում բուժօգնության ծառայություն և ապահովում այդ ծառայությունների աշխատակիցների մուտքը Կոմիտեի վարչական շենք:

44. Մինչև փրկարար կամ համապատասխան ծառայության աշխատակիցների ժամանելը, գնդի ծառայողն իրավիճակից ելնելով հնարավոր միջոցներ է ձեռնարկում դեպքի պատճառները, վտանգավոր հետևանքների զարգացումը վերացնելու, անձանց անվտանգությունն ապահովելու և նյութական արժեքները պահպանելու ուղղությամբ:

45. Արտակարգ իրավիճակի կամ կոմունալ վթարի դեպքում Կոմիտեի վարչական շենքի աշխատասենյակները բացվում են դրանք օգտագործող աշխատողների ներկայությամբ, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ առանց նրանց: