ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
23.11.22, 07:42

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. նոյեմբերի 23-ի N261-Լ հանձնարարականը

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

23.11.2022թ. N261-Լ 



ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՂԵԿՑԱԿԱՆ ԳՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՄԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 1051-Ն որոշման 10-րդ և 21-րդ կետերի պահանջները պահպանելու՝ ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)  բնութագրերի համակարգման, համեմատման, ոչնչացման գործընթացում տեղեկատվության լիարժեքությունն ու ճշգրտությունն ապահովելու  նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.


Հանձնարարում եմ.


1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝

1) ծանր, առանձնապես ծանր կամ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված առերևույթ հանցագործության դեպքերին վերաբերող քրեական վարույթներով.
ա. չպարզված անձանց կողմից հանցագործության դեպքի վայրում թողնված կենսաբանական ծագման հետքերով, ինչպես նաև  մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներով դատագենետիկական փորձաքննություն  նշանակելիս,  ուղեկցող գրության մեջ պարտադիր նշել հանցագործության տեսակը (ծանր, առանձնապես ծանր կամ  սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն),
բ. դեպքի վայրից վերցված՝ չպարզված անձի ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագիրը քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրի հետ համընկնելու դեպքում այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը՝ համապատասխան ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագիրը ոչնչացնելու նպատակով:

2. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին`
1) հսկողություն իրականացնել սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին կամ համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալին զեկուցագրով հայտնել այդ մասին՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:

3. Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտները համակարգող տեղակալներին՝

1) վերահսկել սույն հանձնարարականի պահանջների կատարումը՝ համապատասխան ստորաբաժանումներում կազմակերպելով պարբերաբար ուսումնասիրություններ.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում  Կոմիտեի նախագահին զեկուցագրով հայտնել այդ մասին՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին և Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

 

 

                                                                                       Ա. Քյարամյան