ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
28.06.23, 08:26

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 28-ի N170-Լ հանձնարարականը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
 

28.06.2023թ. N170-Լ     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

           

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության առանձնահատուկ բնույթը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով.

Հանձնարարում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  (այսուհետ՝ Կոմիտե)  ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից  մեկնելու անհրաժեշտության դեպքում, այդ մասին զեկուցագրով իրազեկել հետևյալ կարգով.

1) Կոմիտեի նախագահին՝ իր համակարգման ոլորտում գտնվող կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ տվյալ ստորաբաժանման պետի միջոցով.
2) Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին՝
ա. Կոմիտեի կենտրոնական մարմնի, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ տվյալ ստորաբաժանման պետի միջոցով,
բ. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ տվյալ ստորաբաժանման պետի և Երևան քաղաքի քննչական վարչության պետի միջոցով,
գ. Կոմիտեի մարզային քննչական վարչությունների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ տվյալ մարզային քննչական վարչության պետի միջոցով,
դ.  Կոմիտեի մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ տվյալ ստորաբաժանման և մարզային քննչական վարչության պետի միջոցով:

3. Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ իրազեկելու մասին զեկուցագիրը սույն հանձնարարականով նախատեսված կարգով Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի տեղակալին ներկայացնել տվյալ ստորաբաժանման պետի կողմից իրազեկվելու մասին զեկուցագրի վրա համապատասխան նշագրումով՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ:

4. Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ իրազեկելու մասին զեկուցագրում նշել մեկնման երկիրը, ինչպես նաև մեկնելու ամսաթիվը և վերադարձի ժամկետը (եթե վերադարձի ժամկետը հայտնի է):

5. Այն դեպքերում, երբ նախապես հնարավոր չէ սույն հանձնարարականի համաձայն իրազեկել Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ, ապա այդ մասին կապի միջոցներով (հաղորդագրության տեսքով) տեղեկացնել անմիջական վերադասին, իսկ վերադառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել զեկուցագիր սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված կարգով: 

6. Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ իրազեկելու մասին զեկուցագիր չի ներկայացվում.
1) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
2) գործուղումների դեպքում:

7. Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ իրազեկելու մասին զեկուցագրերը պահպանել Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում:

8. Սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Կոմիտեի ստորաբաժանումների պետերին:

9. Սույն հանձնարարականի պահանջները չկատարելը (այդ թվում՝ մեկնման երկիրը սխալ նշելու դեպքում) կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն:

10. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ