ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
24.02.23, 13:06

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023թ. փետրվարի 24-ի N65-Լ հրամանը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ
 

24.02.2023թ. N 65-Լ 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեպքերով նախաքննությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ  կետով.
 

Հրամայում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-282-րդ, 284-294-րդ, 296-րդ, 340-րդ, 399-րդ, 409-410-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքերով նախաքննությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, բացառությամբ սույն հրամանով նախատեսված դեպքերի:

2. Սույն հրամանի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների դեպքերով նախաքննությունն իրականացնել Կոմիտեի մարզային քննչական վարչությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից, բացառությամբ դրանք առանձնապես խոշոր չափերով կատարված լինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի:
Սույն կետով նախատեսված դեպքերում Կոմիտեի մարզային քննչական վարչություններից Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն հաղորդումը՝ կից նյութերով կամ նախաձեռնված քրեական վարույթը  կից գրությամբ ուղարկվում է մեկօրյա ժամկետում:

3. Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սույն հրամանի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված և առանձնապես ոչ խոշոր չափերով կատարված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ մեկօրյա ժամկետում, այդ  դեպքերի վերաբերյալ հաղորդումը՝ կից նյութերով կամ նախաձեռնված քրեական վարույթը՝  կից գրությամբ, ուղարկել Կոմիտեի համապատասխան մարզային քննչական վարչություն:

4. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում սույն հրամանի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում՝ մեկօրյա ժամկետում, այդ դեպքերի վերաբերյալ հաղորդումը՝ կից նյութերով կամ նախաձեռնված քրեական վարույթը՝ կից գրությամբ, ուղարկել Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: 

5. Քրեական վարույթների շրջանակներում սույն հրամանի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ նախաքննությունն իրականացնել տվյալ ստորաբաժանումում, եթե քրեական վարույթները միմյանց հետ կապված են փաստական հանգամանքներով և առկա է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտություն:

6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ և 399-րդ, հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում այդ վարույթներով ենթադրյալ հանցանք կատարած անձին ձերբակալելուց, քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելուց և այն բավարարվելու դեպքում մեղադրանք ներկայացնելուց, խափանման միջոց ընտրելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, նախաձեռնված քրեական վարույթն ուղարկել Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

7. Քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված սույն հրամանի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների դեպքերով հաղորդում կազմելիս, ինչպես նաև նոր քրեական վարույթ նախաձեռնելիս և դրանք Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ուղարկելու հարցը քննարկելիս՝ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջներով:

8. Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոմիտեի այլ ստորաբաժանումների միջև հաղորդումների, քրեական վարույթների փոխանցումներն իրականացնել Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների միջոցով:

9. Սույն հրամանով նախատեսված դրույթներից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ առկա է Կոմիտեի նախագահի հանձնարարությունը՝ քրեական վարույթով նախաքննությունը կոնկրետ ստորաբաժանման կողմից կատարելու վերաբերյալ: 

10. Սույն հրամանով նախատեսված կարգավորումները կիրառելի են հրամանն ուժի մեջ մտնելու պահից: 

11. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց: 

 

 

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ