ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023թ. փետրվարի 24-ի N65-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 12.07.2023թ. N185-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
24.02.2023թ. N65-Լ
Ինկորպորացիա առ 12.07.2023թ. N185-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեպքերով նախաքննությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-282-րդ, 284-294-րդ, 296-րդ, 340-րդ, 399-րդ, 409-410-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքերով նախաքննությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, բացառությամբ սույն հրամանով նախատեսված դեպքերի:
2. Սույն հրամանի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների դեպքերով նախաքննությունն իրականացնել Կոմիտեի մարզային քննչական վարչությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից, բացառությամբ դրանք առանձնապես խոշոր չափերով կատարված լինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի:
Սույն կետով նախատեսված դեպքերում Կոմիտեի մարզային քննչական վարչություններից Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն հաղորդումը՝ կից նյութերով կամ նախաձեռնված քրեական վարույթը կից գրությամբ ուղարկվում է մեկօրյա ժամկետում:
2.1. ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքերով, եթե այն կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով, նախաքննությունն իրականացնել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում:
Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումները և Կոմիտեի մարզային քննչական վարչությունները նշված դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելուց հետո կամ արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթները սույն հրամանով սահմանված կարգով փոխանցում են Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: (կետը լրաց. 12.07.2023. N 185-Լ)
3. Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սույն հրամանի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված և առանձնապես ոչ խոշոր չափերով կատարված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ մեկօրյա ժամկետում, այդ դեպքերի վերաբերյալ հաղորդումը՝ կից նյութերով կամ նախաձեռնված քրեական վարույթը՝ կից գրությամբ, ուղարկել Կոմիտեի համապատասխան մարզային քննչական վարչություն:
4. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում սույն հրամանի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում՝ մեկօրյա ժամկետում, այդ դեպքերի վերաբերյալ հաղորդումը՝ կից նյութերով կամ նախաձեռնված քրեական վարույթը՝ կից գրությամբ, ուղարկել Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
5. Քրեական վարույթների շրջանակներում սույն հրամանի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ նախաքննությունն իրականացնել տվյալ ստորաբաժանումում, եթե քրեական վարույթները միմյանց հետ կապված են փաստական հանգամանքներով և առկա է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտություն:
6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ և 399-րդ, հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում այդ վարույթներով ենթադրյալ հանցանք կատարած անձին ձերբակալելուց, քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելուց և այն բավարարվելու դեպքում մեղադրանք ներկայացնելուց, խափանման միջոց ընտրելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, նախաձեռնված քրեական վարույթն ուղարկել Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
7. Քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված սույն հրամանի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների դեպքերով հաղորդում կազմելիս, ինչպես նաև նոր քրեական վարույթ նախաձեռնելիս և դրանք Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ուղարկելու հարցը քննարկելիս՝ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջներով:
8. Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոմիտեի այլ ստորաբաժանումների միջև հաղորդումների, քրեական վարույթների փոխանցումներն իրականացնել Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների միջոցով:
9. Սույն հրամանով նախատեսված դրույթներից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ առկա է Կոմիտեի նախագահի հանձնարարությունը՝ քրեական վարույթով նախաքննությունը կոնկրետ ստորաբաժանման կողմից կատարելու վերաբերյալ:
10. Սույն հրամանով նախատեսված կարգավորումները կիրառելի են հրամանն ուժի մեջ մտնելու պահից:
11. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ