ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչների կողմից զինապարտների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ զինվորական կոմիսարիատ հայտնելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 02.07.2020թ., N 115-Լ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների կողմից զինապարտների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնելու «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հանձնարարում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
հետևել, որ զինապարտների վերաբերյալ քրեական վարույթ իրականացնելու յուրաքանչյուր դեպքով քննիչներն այդ մասին յոթ աշխատանքային օրվա ընթացքում հայտնեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորահավաքային և համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)՝ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
2. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալներին:
3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ.Գրիգորյան