ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
24.02.2017
Թիվ 28-Լ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ՆՀ-1260-Ն հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու, ինչպես նաև կարևորելով այդ ոլորտում միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներից ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝
Աշխատանքային խմբի ղեկավար՝
Թաթուլ Պետրոսյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
տարածքային քննչական վարչությունների
գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
Աշխատանքային խմբի անդամներ՝
Գագիկ Մարկոսյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
տարածքային քննչական վարչությունների
գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ
Գրիգոր Սարգսյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ
Ահարոն Ներսիսյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ
Արթուր Մելիքյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ
Արման Ալեքսանյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
տարածքային քննչական վարչությունների
գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
Ասյա Ղալթախչյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
տարածքային քննչական վարչությունների
գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
Հայկ Խալաթյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
ներքին անվտանգության վարչության ՀԿԳ քննիչ
Կարապետ Կարապետյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի
քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
1) Սույն թվականի ապրիլի 2-ին իրականացնել ուժեղացված տարբերակով ծառայություն՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար ընձեռել հնարավորություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին (այսուհետ՝ ընտրություններ) մասնակցելու համար (2017 թվականի ապրիլի 2-ին ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ներգրավում է ծառայողների 100%-ը, իսկ 20:00-ից մինչև 2017 թվականի ապրիլի 3-ը` ժամը 08:00-ն՝ ծառայողների 30%-ը)։
2) Արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումն առավել փորձառու քննիչների ներգրավմամբ։
3) Սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։
4) Բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամների կամ աշխատանքային խմբի ղեկավարի հետ:
3.Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) Գործնական աջակցություն ցուցաբերել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին ընտրությունների ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ։
2) 2017 թվականի մարտի 30-ից՝ յուրաքանչյուր օր՝ Կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին։
4. Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին՝
1) Կազմակերպել ընտրությունների քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման արդյունքների վերաբերյալ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը։
5. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Թամազյանին։
6. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի նախագահի խորհրդական Ս. Տռուզյանին, աշխատանքային խմբի անդամներին:
Ա. Հովսեփյան