ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար գիտական և կրթական ոլորտում երկու երկրների Քննչական կոմիտեների միջև համագործակցության ծրագիր:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել գործնական հարցերի արդյունավետ և արագ լուծումը:
Հայկ Գրիգորյանը կարևորել է քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը նպաստում է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը. «Աշխատանքն իրականացվում է ոչ միայն հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանն առնչվող ոլորտներում, այլև՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար պայմաններ ստեղծելու, բարոյական բարձր արժեքներով իրավահաջորդներ կրթելու համար»,- ասել է Ալեքսանդր Բաստրիկինը:
Հաշվի առնելով գերատեսչությունների միջև փոխգործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների՝ նախկինում հնչեցրած նախաձեռնությանը՝ առաջարկելով տարին երկու անգամ անցկացնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների խորհուրդների համատեղ նիստեր: