ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստմանը
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը, ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, ս.թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը մասնակցել է Բուդապեշտ քաղաքում գտնվող «Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստմանը:
Հայաստանյան պատվիրակության կազմում վերապատրաստմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչը: ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ «ՀԿԳ ավագ քննիչ», արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տ.Կիրակոսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մ.Մանասյանը, և իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ, պետական ծառայության առաջին դասի խորհրդական Դ.Թումասյանը:
«Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստումը վերաբերում էր «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը» թեմային, որին, բացի Հայաստանի պատվիրակությունից, մասնակցել են նաև Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի և Հունգարիայի ներկայացուցիչներ:
Վերապատրաստման դասընթացները վերաբերում էին մարդկանց թրաֆիքինգի դեպքերի ուսումնասիրությանը, քննության առանձնահատկություններին, այդ գործերով ապացույցների հավաքման առանձնահատկություններին, տուժողներին տրամադրվող աջակցությանը, նրանց հոգեբանական առանձնահատկություններին: Վերապատրաստման ընթացքում կազմակերպվում էին նաև վարժանքներ, տրվում էին առաջադրանքներ, որոնք կա՛մ նախապատրաստվում էին դասաժամին, կա՛մ նախապատրաստվում էին հաջորդ օրվա համար: Դասընթացի ավարտին մասնակից պետությունների ներկայացուցիչները պետք է ելույթ ունենային՝ ներկայացնելով իրենց պետությունների պրակտիկան:
Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Դ.Թումասյանը ներկայացրեց 15 րոպե տևողությամբ պրեզենտացիա՝ «Մարդկանց թրաֆիքինգը՝ օրենսդրություն և իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ:
Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր՝ դասընթացն արդյունավետ անցնելու վերաբերյալ: Մասնակիցները գրանցվեցին համացանցային հարթակում, որտեղ այս վերապատրաստման մասնակիցները կարող են քննարկել տարբեր հարցեր՝ հարկ եղած դեպքում անմիջականորեն կապվելով այդ պետության ներկայացուցիչների հետ: