Լրահոս
27.12.19, 07:21

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկա

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկա

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ  «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից 16.12.2019թ. հրապարակված բաց նամակի առթիվ ՀՀ  Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ իրականացվել է նախնական ուսումնասիրություն:

Նախնական  ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչների կողմից անգործություն չի դրսևորվել,  դեպքից անմիջապես հետո քննիչների կողմից շատ արագ ձեռնարկվել են գործուն միջոցներ, մասնավորապես՝ 12.12.2019թ.,  ժամը 16:26-ին  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ Ն. Մանանդյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և հետագա ձեռնարկված միջոցառումների ընթացքում, մասնավորապես քննիչ Ռ.Դավթյանի կողմից Ա. Մ. -ի  Հ. Մ.-ի կայացած հեռախոսային խոսակցություններով ճշտվել է նրանց գտնվելու վայրը, որի արդյունքում  վերջիններս նույն օրը՝ կարճ ժամանակ անց, հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանություն, որպիսի հանգամանքն ի դեպ, բացի քննիչներից և ոստիկան Լ.Սիմոնյանից, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում տված իրենց բացատրություններով հաստատել են նաև կենտրոնի աշխատակիցներ Ա.Ավագյանը և Ռ.Ասլիկյանը:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հանգամանքին, որ դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել, ապա նախնական ուսումնասիրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի ծառայողների, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու ծառայողի բացատրություններով  պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի և ոչ մի ծառայող, այդ թվում վարույթն իրականացնող քննիչը որևէ լրատվամիջոցի, կազմակերպության, այդ թվում նաև Կանանց աջակցման կենտրոն  ՀԿ-ին հիշյալ դեպքի կապակցությամբ գրավոր, պաշտոնեական տեղեկատվություն չեն տրամադրել, վարույթն իրականացնող մարմնին նման հարցով չեն դիմել, այլ միայն բանավոր հեռախոսազրույցի ընթացքում տրամադրվել է տվյալ պահին քրեական գործով ձեռք բերված հակիրճ տեղեկատվություն:

Նախնական  ուսումնասիրությունը  դադարեցվել է՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների արարքում կարգապահական խախտման հատկանիշները բացակայելու հիմքով: