Լրահոս
24.07.20, 13:22

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ են ընդունվել «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ են ընդունվել «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ ապօրինություններ կատարելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները, աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, համապատասխանաբար 2020թ. մարտից մինչև հունիս և 2019թ. նոյեմբերից մինչև 2020թ. հունիս ընկած ժամանակահատվածներում, իրենց լիազորությունների շրջանակներում վարձատրություն տված կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ապօրինի որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, անձամբ կամ միջնորդի միջոցով տարբեր քաղաքացիներից, շորթմամբ կամ այլ եղանակով պարբերաբար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ:

Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ սոցիալական աջակցության տարածքային նշված բաժինների աշխատակիցները յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժինների պետերին:

Բացի այդ, նշված բաժինների ղեկավարներն ինչպես անձամբ, այնպես էլ՝ իրենց աշխատակիցների միջոցով, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար, քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը, որի մի մասը աշխատակիցները փոխանցել են բաժնի պետերին, իսկ մի մասը պահել են իրենց:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 312.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) 1-ին մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 312.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: