Վիճակագրություն, միջնորդագրեր, տեղեկանքներ
02.03.16, 10:49

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները



ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները՝  ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ 2016 թվականին կայացված արդարացման յուրաքանչյուր դատավճիռ քննարկվում է օպերատիվ խորհրդակցություններում։

Ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ կից. 
 

ԱՄՓՈՓՈՒՄ

ՔՆՆՉԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` 2015 ԹՎԱԿԱՆԻ  1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

Բովանդակություն

 

Ներածություն

1.Քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներ և որոշումներ

2.Քրեադատավարական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներ և որոշումներ

Եզրակացություններ 

 

Ներածություն

2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռների ուսումնասիրության և ամփոփման անհրաժեշտությունը բխում է ՀՀ քննչական կոմիտեում (այսուհետ՝Կոմիտե) նույնաբնույթ խախտումները կանխարգելելու հանգամանքով։

Ամփոփման շրջանակներում ՀՀ դատական դեպարտամենտ կատարված հարցմամբ ստացվել են քննարկվող ժամանակամիջոցում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռներն ու որոշումները: Ուսումնասիրվել են ՀՀ դատարանների կողմից 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում քրեական գործերով կայացված և  հրապարակված բոլոր դատավճիռներն ու որոշումները (թվով 42): Պարզվել է, որ նշված դատավճիռներից և որոշումներից 36-ը կայացվել են Կոմիտեի, 2-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, 3-ը՝  ՀՀ ֆինանսների  նախարարության, 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունների վարույթում քննված քրեական գործերով: Նշված 36 արդարացման դատական ակտերից 28-ը կայացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից,  3-ը՝  վերաքննիչ դատարանի կողմից: 28 դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները բողոքարկվել են վերաքննիչ դատարան, որից 20 դեպքում դատավճիռները թողնվել են օրինական ուժի մեջ, 9-ը դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, 2 դեպքում վերաքննիչ դատարանում գործի քննությունը շարունակվում է:

Ուսումնասիրության շրջանակներում ամփոփվել են միայն այն դատական ակտերը, որոնցով դատական ատյանների կողմից արդարացման դատավճիռներ ու որոշումներ կայացնելը պայմանավորված է եղել քննչական սխալներով, այլ ոչ թե հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելու,  ապացույցների բավարարությունը որոշելու հետ կապված «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով:

Ուսումնասիրության նյութն առավել մատչելի ներկայացնելու նպատակով հետաքրքրություն ներկայացնող դատական ակտերը դասակարգվել են երկու պայմանական խմբերի`

1.քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներ և որոշումներ,

2.քրեադատավարական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներ և որոշումներ:


1.
Քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներ և որոշումներ.

Քննարկվող ժամանակամիջոցում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածով հարուցված թվով հինգ քրեական գործերով ճանաչել և հռչակել են ամբաստանյալների անմեղությունը, որից 4 դեպքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 1 դեպքում՝ կատարված հանցագործությանը ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն ինքնիրավչության հանցակազմին անդրադարձել է դեռևս Վարդան Պետրոսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ինքնիրավչությունը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես կառավարման սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործություն:

Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ինքնիրավչության տեսակային օբյեկտ են պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված այն հասարակական հարաբերությունները, որոնք ծավալվում են իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև: Ինքնիրավչության հիմնական անմիջական օբյեկտն անձանց կողմից իրենց իրավունքների ու ազատությունների իրականացման՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգն է, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այդ գործողության իրավաչափությունը վիճարկվի անձի (կազմակերպության) կողմից: Տվյալ դեպքում որպես վիճարկում հարկ է հասկանալ շահագրգիռ անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն (դիմում, բողոք) ներկայացնելը` ինքնիրավ գործողությունների արդյունքում իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ: Ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է գործողության կատարման եղանակը. հանցավորը գործում է ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Ընդ որում, արարքը որպես ինքնիրավչություն որակելու համար որևէ նշանակություն չունի, թե հանցավորի գործողություններն ուղղված են եղել իրական, թե ենթադրյալ իրավունքի իրականացմանը:

Ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական, իսկ պետության ու հասարակության շահերին` խոշոր վնաս պատճառելու դեպքում: Ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ: Վնասը կարող է դրսևորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական և այլ իրավունքների խախտման տեսքով, կարևորն այն է, որ ինքնիրավ գործողության և առաջացած վնասի միջև լինի պատճառահետևանքային կապ: Պատճառված վնասի էական լինելը պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ. հանցավորը կարծում է, որ ինքն ունի որոշակի իրավունք, գիտակցում է, որ այդ իրավունքը վիճարկվում է այլ անձի կամ կազմակերպության կողմից, և ինքն իրականացնում է այդ իրավունքը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:

Ինքնիրավչության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը (տե'ս Վարդան Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԱՎԴ1/0063/01/09 որոշման 12-14-րդ կետերը):

2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ պարզվել է,  որ վերը նշված բոլոր չորս գործերի պարագայում էլ դատարաններն արձանագրել են  նախաքննական մարմնի կողմից  առաջադրված մեղադրանքների  անորոշ  և անհստակ լինելու, դրանցում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները չբովանդակելու հանգամանքը, մասնավորապես` առաջադրված մեղադրանքները  չեն բովանդակել որևէ փաստական տվյալ այն մասին, թե ենթադրյալ հանցանք կատարած անձինք  ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ են իրականացրել իրենց ինքնակամ գործողությունները, կամ ո՞ր ենթադրյալ իրավունքն են իրականացրել: Որպես կանոն, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չի եղել եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչն իր հերթին թույլ է տվել դատարաններին փաստել, որ ամբաստանյալների  արարքում բացակայում է հանցակազմը:

Այսպես`

Ալվարդ Մարդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի  համար, որ նա 2014 թվականի ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 96 բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք է գործել նշված բնակարան և ապօրինի բնակվելու նպատակով այնտեղ տեղադրել է իր գույքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքը վերլուծելով «Մարդու  իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, ՀՀ Սահմանադրության 21-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածների և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո` դատարանն արձանագրել է, որ այն չի բխում ինչպես նշված իրավանորմերից, այնպես էլ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից: Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքն  անորոշ է և անհստակ, չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե վերջինս ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները՝ մուտք գործել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 96 բնակարան և դա կատարելիս` իր որ ենթադրյալ իրավունքն է նա իրականացրել: Դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում չկա որևէ նշում այն մասին, թե ամբաստանյալի գործողությունների հետևանքով պետությանն ինչ բնույթի վնաս է պատճառվել՝ գույքային, թե՝ ոչ գույքային, չի նշվել  նաև պատճառված վնասի չափը: Բացի այդ, Ա.Մարդոյանին վերագրվող արարքում բացակայել է նաև որևէ փաստական տվյալ վերջինիս ինքնիրավ գործողության և առաջացած խոշոր վնասի միջև առկա պատճառահետևանքային կապի վերաբերյալ:

Սույն քրեական գործով դատաքննության շրջանակներում դատարանն անդրադարձել է նաև Ա. Մարդոյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերաբերյալ նախաքննության մարմնի հետևությանը և այդ մասով Ա. Մարդոյանին առաջադրված մեղադրանքի իրավաչափությանը, մասնավորապես`  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ, 128-րդ, 129-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ  Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 96 բնակարանը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը և պետական սեփականություն չի հանդիսանում, հետևաբար Ալվարդ Մարդոյանի կողմից, համայնքի և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 96 բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք գործելու և նշված բնակարանում ապօրինի բնակվելու հետևանքով պետական շահերին խոշոր վնաս պատճառված լինելու մասին նախաքննության մարմնի դատողությունները հիմնազուրկ են:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել  ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի ապրիլի 1-ի  ԵԱԴԴ/0051/01/14  դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ալվարդ Մարդոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացնել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դատավճռի դեմ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության  վերաքննիչ բողոքը` մերժվել է և առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:

Ինքնիրավչության գործերով  ևս երեք արդարացման  դատավճիռներ են կայացվել Շենգավիթ վարչական շրջանի (ԵՇԴ/0073/01/14), ԵՇԴ/0155/01/14 ինչպես նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների (ԵԿԴ/0158/01/14) ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանների կողմից:

Մասնավորապես, ԵՇԴ/0073/01/14 գործով նախաքննության ընթացքում Գոհար Եսայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ցանկանալով Համլետ Սիմոնյանից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014 թվականի փետրվարի 3-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցի 62/1 շենքի բակում, որոշել է իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով Համլետ Սիմոնյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսա Մարտիրոսյանի ներկայությամբ վերցնել վերջինիս պատկանող «Սամսունգ նեքսուս»  տեսակի բջջային հեռախոսը, կարծելով, որ այն Հ.Սիմոնյանի բջջային հեռախոսն է` Լ. Մարտիրոսյանի օրինական շահերին պատճառելով 240.000 ՀՀ դրամի էական վնաս։

Նշված գործով դատարանն արձանագրել է, որ հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմի համար պարտադիր  է`

ա) անձի կողմից ինքնագլուխ կերպով, օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքի իրականացման գործողություններ, որոնց օրինականությունը վիճարկվում է տուժած անձի կամ կազմակերպության կողմից,

բ) անձի կողմից տուժած անձի կամ կազմակերպության իրավունքներին կամ օրինական շահերին էական վնաս պատճառելը,

գ)արարքի և էական վնասի միջև պատճառական կապը։

«Էական վնաս» հասկացությունը` արժեքավորող, գնահատողական կատեգորիա է։ Օրենսդիրը չի սահմանել «էական վնաս» հասկացության չափորոշիչներ և դրա առկայությունը որոշվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից` հաշվի առնելով քրեական գործի բոլոր փաստական հանգամանքները։ Էական վնասը գնահատելիս հաշվի է առնվում վնասի չափը կամ վերցված առարկայի արժեքը, տուժողի համար դրա կարևորությունն ու նշանակությունը, արարքի հետևանքով բաց թողնված օգուտը, տուժողի ֆինանսական վիճակը, նրա խախտված իրավունքների բնույթը (գույքային, բնակարանային, աշխատանքային և այլն), ինչպես նաև դրանց խախտման աստիճանը։ Ընդ որում, միայն ինքնիրավչությամբ վերցված առարկայի արժեքն ինքնին չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ «էական վնաս»-ի հարցը որոշելու համար։

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կատարած արարքի հետևանքով տուժողի օրինական շահերին պատճառված վնասի էական լինելը նախաքննության մարմնի կողմից որոշվել է հիմք ընդունելով միայն տուժողի ցուցմունքը, որ հեռախոսը գնվել է 240.000 դրամ գումարով։ Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ տուժողն աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից հեռախոսն ինքնագլուխ վերցնելու պահին ունեցել է ևս երկու այլ հեռախոսներ, վերցված հեռախոսը մեծ մասամբ գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ և օգտագործվել է վերջինիս կողմից, քանի որ այն օգտագործելու կարիք տուժողն առանձնապես չի ունեցել, ամբաստանյալի արարքի հետևանքով տուժողին էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է, ոչ այդքան հեռախոսը վերադարձնելու, որքան` անձնական կյանքին ամբաստանյալի հետագա միջամտություններից ազատվելու նպատակով։ Նման պայմաններում դատարանը գտել է, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով տուժողի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել։ Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունվարի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով Գոհար Եսայանը ճանաչվել է անպարտ և արդարացվել։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ըստ մեղադրանքի` Գոհար Եսայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածի 1-ին մասով   մեղադրողի կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան,  բողոքը մերժվել է և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևան քաղաքի Շենգավիթ  վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեկ այլ՝ 2015 թվականի ապրիլի 18-ի  ԵՇԴ/0155/01/14 դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Վահե Աջամյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այսպես՝ Վահե Աջամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00 սահմաններում օրենքի սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացնելով   իր   ենթադրյալ   իրավունքները,  գնացել է քրոջ՝  Է. Աջամյանի Երևան քաղաքի Մանթաշյան 4/7 շենքի 38-րդ բնակարան, ննջասենյակի պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը`  էական վնաս պատճառելով  Է.Աջամյանի օրինական շահերին:

Սույն քրեական գործով և ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. դեկտեմբերի 23-ի թիվ ԱՎԴ1/0063/01/09 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համադրմամբ, դատարանն արձանագրել է, որ արարքը հանցավոր ինքնիրավչություն որակելու համար անհրաժեշտ է նշված հանցակազմի բոլոր տարրերի առկայությունը։

Առաջին ատյանի դատարանը հղում է  կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. նոյեմբերի 5-ի մեկ այլ՝  ՏԴ/0115/01/09 որոշման վրա, որտեղ մեկնաբանվել է «մեղադրանքի ձևակերպում հասկացությունը, համաձայն որի «մեղադրանքի   ձևակերպում»-ն իրենից ներկայացնում է.

ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստեր, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,

բ) քրեական օրենքի հստակ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը։

Մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի վերագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար՝ պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները։ Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում     ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն։

Մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է նրանով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ իրականացնել իր պաշտպանության իրավունքը։

Վերլուծելով սույն քրեական գործով ամբաստանյալ Վահե Աջամյանին առաջադրված մեղադրանքը՝ դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր  հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին։  Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը։

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից բերված բողոքը մերժվել է ևառաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (ԵԿԴ/0158/01/14)  դատավճռով  ճանաչվել և հռչակել է ամբաստանյալ Ռաֆիկ Գրիգորյանի  անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և վերջինս արդարացվել է` կրկին արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այսպես՝ Ռաֆայել Գրիգորյանը  օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական իրավունքն իրականացնելով, 2014 թվականի մայիսի 16-ին, ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Նալբանդյան 46-րդ շենքի մոտ, իր ծանոթ Լևոն Համբարձումյանի՝ 2004-2005 թթ. ընթացքում իրեն ունեցած պարտքի գումարը ստանալու նպատակով, վերջինիս կնոջը՝ Լաուրա Մարությանին մոլորության մեջ գցելով. Լ.Համբարձումյանի՝  Երևանի Մանանդյան  փողոցի  26-րդ շենքի թիվ 5 նախկին բնակարանի ջրօգտագործման վարձավճարի պարտքը մարելու պատրվակով, Լ.Մարությանից ստացել է 186.233 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար, սակայն վճարում չի կատարել և գումարը հաշվարկել է որպես պարտքի մարում, որն էական վնաս է պատճառել Լ.Մարությանի իրավունքներին և օրինական շահերին:

Դատարանն արձանագրել է, որ հանցավոր ինքնիրավչության  օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ, իսկ  կոնկրետ  դեպքում Ռաֆայել Գրիգորյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի օբյեկտիվ կողմի հատկանիշը, քանի որ նա իր իրավունքն իրականացրել է ոչ թե ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ, այլ ընդամենը, հարմար առիթն օգտագործելով, իրեն պարտք եղած անձի կնոջ կողմից, ջրի պարտքի հարցը լուծելու նպատակով, իրեն տրված 450 ԱՄՆ դոլարը վերցրել է, որպես իր 500 ԱՄՆ դոլար պարտքի մարում:

Դատավճռի դեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և դատավճիռը  թողնվել օրինական ուժի մեջ:

Քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռ է կայացրել նաև Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  ԱՐԱԴ /0031/01/14 դատական գործով:

2015 թվականի ապրիլի 2-ի  դատավճռով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  ճանաչել և հռչակել է ամբաստանյալ  Ստեփան Հովսեփյանի անմեղությունը` ՀՀ  քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացնել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այսպես՝ Ստեփան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանում որպես վարորդ, 2014թ. մայիսի 4-ին իրեն ամրակցված և իր կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի 157 ԼԼ 11 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում` վարորդի նստատեղի աջ կողմում գտնվող պահատուփի մեջ և ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի ռետինե գորգի տակ պահել և դրանով իսկ այն անմիջապես գործադրելու հնարավորություն ունենալով` ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող, արհեստագործական եղանակով պատրաստված կռփազենք և մահակ, որոնք 06.05.2014թ. ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում գտնվող Ստեփան Հովսեփյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 157 ԼԼ 11 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Դատարանը անդրադառնալով  արարքի քրեաիրավական որակմանն՝ արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար: Կոնկրետ դեպքում սառը զենքերի տեղակայումը, տեսակը, հասանելիությունը` դրանք անմիջապես նպատակային օգտագործելու համար որոշակի արգելքներ հաղթահարելու տեսանկյունից, մասնավորապես՝ սառը զենք հանդիսացող կռփազենքի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում տեղադրված կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակը` ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ  համարվում է ոչ թե կրել, այլ պահել, որը քրեական պատասխանատվություն չի առաջացնում:

Դատավճռի դեմ  Արագածոտնի   մարզի    դատախազության    կողմից   բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:

2.Քրեադատավարական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներ և որոշումներ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ապացույցներ ձեռք բերելիu էական են այն խախտումները, որոնք, դրuևորվելով մարդու և քաղաքացու uահմանադրական իրավունքների և ազատությունների կամ ՀՀ քրեական դատավարության oրենuգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մաuնակիցներին` oրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ uահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա»:

Քրեական դատավարությունում ապացույցների թույլատրելիության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ (…) Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա (տե'ս Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշումը):

Ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում:

Ինչպես հետևում է վերը շարադրված իրավադրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման բովանդակային վերլուծությունից` ապացույցներ ձեռք բերելիu քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի խախտումն էական է, եթե այն դրuևորվել է հատկապես մարդու և քաղաքացու uահմանադրական իրավունքների և ազատությունների կամ դատավարության մաuնակիցների` oրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ uահմանափակմամբ կամ որևէ կերպ ազդել է կամ կարող էր ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա:

Այսպես՝

2014թ. մայիսի 14-ին ՀՀ Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական խմբի քննիչ Վ. Մխիթարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝  2014թ. մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ. հատվածում գտնվող Գեղամ Գրիգորյանին պատկանող չգործող բենզալցակայանի բարձր լարման հոսանքի թվով 3 հատ փոխանցման մեկուսիչները գողանալու և վերջինիս 120 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

24.05.2014 թվականին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի պետ Գ.Պողոսյանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մ.Դուրյանին գրավոր տեղեկացրել է, որ Թալինի բաժնում ստացված հավաստի օպերատիվ տեղեկությունների համաձայն նշված քրեական գործով հանցագործությունը, հնարավոր է կատարել է Սուրեն Ղարիբյանը և գողոնը  թաքցնում է իր բնակության հասցեում կամ նրան պատկանող օժանդակ շինություններում: Նույն օրը Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական խմբի քննիչ Վ.Մխիթարյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնից ստացված գրության հիման վրա միջնորդություն հարուցել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` թույլատրելու խուզարկություն կատարել Սուրեն Ղարիբյանի տանը և օժանդակ շինություններում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը: Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մ.Դուրյանի գրությամբ Սուրեն Ղարիբյանին պատկանող տանը և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ  դատարանի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի պետին՝ համապատասխան աշխատակիցներին որոշման պահանջների կատարումը  հանձնարարելու պահանջով:  ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Ղարիբյանին պատկանող տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ  հայտնաբերվել է 0,8 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված, ինչը փաթեթավորված վիճակում ոստիկանության Թալինի բաժնի պետի գրությամբ բնակարանի խուզարկության արձանագրության հետ միասին ուղարկվել է Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետին: 2014 մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի մեկ այլ ծառայող զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի պետին այն մասին, որ «Նելեգալ 2014» և «Կանալ-Հարավային թակարդ»  միջոցառումների շրջանակներում ՀՀ ոստիկանության ԹԱՇԴՊՎ և Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Սուրեն Ղարիբյանի բնակարանում կատարված խուզարկությամբ, բնակարանի միջանցքի թախտի հետնամասից հայտնաբերվել է 0.8 գրամ քաշով կանաչավուն չորացված զանգված՝ յուրահատուկ հոտով և ուղարկվել փորձաքննության:

Առանց իրացնելու նպատակի, ապօրինի կերպով, զգալի չափի՝ 0.76 գրամ հաստատուն քաշով, չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց  Ս. Ղարիբյանի բնակարանում պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի նյութերով նոր քրեական գործ է հարուցվել և առանձնացվել է առանձին վարույթում: 2014թ. օգոստոսի 24-ին Սուրեն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները գտել է, որ սույն գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ հիմնված են օրենքի խախտմամբ կատարված «բնակարանի խուզարկություն» քննչական գործողության և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցի վրա:

1. Պատշաճ սուբյեկտ

Դատարանն արձանագրել է, որ նախաքննության փուլում գտնվող գործով օրենսդիրը ոչ միայն սահմանել է այն պաշտոնատար անձանց շրջանակը (վարույթն իրականացնող քննիչը և հսկող դատախազը), ովքեր լիազորված են քննիչի վարույթում գտնվող քրեական գործով տալու համապատասխան հանձնարարություններ, այլև՝ այն անձանց շրջանակը (հետաքննության մարմին, քննիչ), ում կարող են այդ հանձնարարություններն ուղղված լինել: Թալինի քննչական բաժնի ավագ հետաքննիչ Ս. Թորոսյանը, սույն գործով ամբաստանյալ Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկություն կատարելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտ չի եղել, քանի որ քրեական գործի նյութերում բացակայել է քննիչի  կամ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարությունը՝ Ս. Ղարիբյանի բնակարանում և դրան օժանդակ շինություններում խուզարկության կատարումը ոստիկանության Թալինի բաժնի հետաքննիչ Ս. Թորոսյանին կամ այլ աշխատակիցներին վերալիազորելու վերաբերյալ: Այլ կերպ, Թալինի բաժնի աշխատակիցների կողմից Ս. Ղարիբյանի բնակարանը խուզարկվել է առանց համապատասխան դատավարական-իրավական հիմքի, որը նման դեպքերում կատարված քննչական գործողության օրինականության և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության որոշման հիմնական չափանիշն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում ամրագրված լիազորված սուբյեկտի չափանիշի տեսանկյունից:

Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քննչական բաժնի պետի և հետաքննության մարմնի միջև որևէ տեսակի քրեադատավարական հարաբերություններ չի նախատեսել, ուստիև դրանց առաջացման և դադարեցման իրավական և փաստական հիմքերը չի կանոնակարգել: Նրանց մեջ գործնականում առաջացող փոխհարաբերությունները առավելագույնը կրում են վարչարարական բնույթ՝ ոչ ավելին:

2. Խուզարկության ողջամիտ սահմանների անցում

Դատարանն արձանագրել է, որ թեև Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարվել է դատարանի որոշմամբ, այդուհանդերձ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված պահանջները և Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշները:  Մասնավորապես, Ս. Ղարիբյանը որևէ հանցագործության կատարման մեջ չի կասկածվել կամ մեղադրվել, երբ նրա բնակարանում խուզարկություն է կատարվել: Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարելու միակ փաստական հիմքը եղել է ոստիկանության Թալինի բաժնի պետի գրությունն այն մասին, որ իրենք հավաստի օպերատիվ տվյալներ ունեն, որ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով գողությունը հնարավոր է կատարել է Ս. Ղարիբյանը և գողոնը պահում է իր բնակարանում: Դատարանն արձանագրել է, որ այդ փաստական տվյալը, որը քննիչը ներկայացրել է դատարան և դատարանի կողմից դրվել է որոշման հիմքում, խիստ վիճելի է, անարժանահավատ, քանի որ խուզարկության ընթացքում և դրանից հետո ոստիկանության աշխատակիցների գործողություններից դատարանի մոտ առկա է չփարատված կասկած առ այն, որ Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարելու նպատակը սկզբից էլ եղել է թմրամիջոց հայտնաբերելը: Դատարանը գտել է, որ «թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հատուկ միջոցառումներ իրականացնելու մասին» տվյալները դատարանին չներկայացնելը՝ խուզարկության մասին որոշում կայացնելիս դատարանին զրկել է կոնկրետ դեպքում գնահատելու խուզարկության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական հասարակությունում:

Եվրոպական դատարանի կողմից ձևավորած այն չափանիշը, որ որոշումը պետք է ձևակերպված լինի որոշակի, որպեսզի նախ՝ սահմանափակի իշխանության ծավալները և հետո՝ հնարավոր լինի հետագայում ստուգելու, թե արդյոք պահպանվել են այդ պահանջները՝ սույն գործով կիրառելու դեպքում պարզ է դառնում, որ խուզարկություն կատարելիս ոստիկանության աշխատակիցները խախտել են խուզարկության մասին դատարանի որոշման պահանջները: Դատարանի գնահատմամբ, եթե ոստիկանության աշխատակիցները նպատակ ունենային խուզարկությամբ Ս. Ղարիբյանի բնակարանից հայտնաբերելու դատարանի որոշման մեջ նշված համապատասխան բարձր լարման հոսանքի թվով 3 փոխանցման մեկուսիչները, ապա դրանք չէին որոնի Ս. Ղարիբյանի բնակարանում առկա թախթի տակ կամ դրա հետնամասում, քանի որ դրանք իրենց բնութագրերով, չափերով չէին կարող գտնվել բնակարանի հյուրասենյակի թախթի հետնամասում կամ տակին: Այս փաստական տվյալից դատարանը եզրակացնում է, որ խուզարկության իրական նպատակը սկզբից էլ եղել է թմրամիջոց հայտնաբերելը: Դատարանն արձանագրել է, որ մի հանցագործության դեպքի կապակցությամբ իրականացվող քննության շրջանակներում, այլ անձի կողմից  այլ հանցագործության դեպք կամ հանգամանքներ հաստատելու մասին ապացուցողական տվյալներ ձեռք բերելիս, դրանք կարող են օգտագործվել որպես ապացույց, եթե համապատասխան իրավասություն ունեցող սուբյեկտները գործել են բարեխիղճ:

Վերոգրյալի հիման վրա Արագածոտնի մարզի դատարանն իր 2015թ. մարտի 16-ի դատավճռով  ճանաչել և հռչակել է  Սուրեն Ղարիբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Արագածոտնի մարզի դատախազի կողմից սույն դատավճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանի 2015թ. հուլիսի  20-ի որոշմամբ բողոքը մերժել է և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս նախաքննական մարմինների կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի էական  խախտումները ներքոհիշյալ 2 գործերով ևս հանգեցրել են  ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ արդարացման դատավճռի և որոշման կայացման:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  ԱՎԴ/0053//01/14 գործով (258-րդ հոդվածի 4-րդ մաս) հագուստների, այդ թվում` մեկ հատ շապիկի, մեկ հատ վերնաշապիկի և մեկ հատ տաբատի զննություն կատարելու, ինչպես նաև Սիլվա Անտոնյանի բնակարանում ու <> մակնիշի 91 PP 909 հ/հ-ի ավտոմեքենայում խուզարկություն կատարելու մասին քննիչի կողմից կազմված արձանագրությունները  ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց՝ նկատի ունենալով, որ հագուստի զննում կատարելու մասին արձանագրության մեջ քննիչը որևէ նշում չի կատարել, թե խոսքն ինչ հագուստների մասին է` որտեղից կամ ինչ պայմաններում են ձեռք բերվել դրանք և ինչպիսի արտաքին վիճակ կամ փաթեթավորում են ունեցել նախքան զննվելը: Որևէ կերպ չի ամրագրել նաև, թե զննված հագուստները քննչական գործողության ավարտից հետո փաթեթավորվել կամ կնքվել են կամ որևէ այլ միջոց ձեռնարկվել է դրանք կամ դրանց առանձնահատկություններն ու պարունակող հետքերը փոխելը բացառելու համար: Նշված արձանագրությանը նախորդել է (ըստ գործին կցված հաջորդականության) իրեղեն ապացույց ճանաչելու մասին քննիչի 2014 թվականի հունիսի 13-ով թվագրված որոշումը, համաձայն որի՝ իրեղեն ապացույց ճանաչված հագուստները կցվել են քրեական գործին:

Նույն գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում բնակարանի խոհանոցի պահարանի դարակում հայտնաբերվել են հինգ, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկի գործիքների պայուսակում` մեկ խոհանոցային դանակներ, որոնք վերցնելու, փաթեթավորելու և դրանք կամ դրանց առանձնահատկություններն ու պարունակող հավանական հետքերը փոխելու հետագա հնարավորությունը բացառելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել, այդ մասին արձանագրության մեջ ոչինչ չի նշվել, դանակներն  իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշում նույնպես` գործով չի կայացվել: Դրա հետ մեկտեղ, խուզարկության արձանագրությանը կցվել է լուսանկարչական հավելված` խոհանոցի, խոհանոցային պարագաների, ավտոմեքենայի սրահի, գործիքների պարունակությամբ պայուսակի ու այլ լուսանկարներով, սակայն կիրառված տեխնիկական միջոցների և, ընդհանրապես, լուսանկարահանման հանգամանքի վերաբերյալ արձանագրության մեջ ոչինչ չի նշվել:

Նույն գործով նշանակված դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 22-ի թիվ 14-1730 եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված Համլետ Խանոյանի տաբատի, վերնաշապիկի, մայկայի և բամբակյա խծուծների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն: Փորձաքննությանը ներկայացրած հագուստների վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ, որոնք իրենց բնույթով ծակած-կտրած են և կարող էին առաջանալ կամ երկկողմանի սուր սայր, կամ միակողմանի սուր սայր և բութ կողմից` մինչև 2մմ հաստություն ունեցող ծակող-կտրող գործիքի, ինչպիսիք հանդիսանում են նաև փորձաքննությանը ներկայացված թվով վեց հատ դանակները, ներգործության արդյունքում: Հագուստների հետին մակերեսներին առկա վնասվածքներն իրենց տեղակայություններով, դիրքերով համապատասխանում են միմյանց և առաջացել են միաժամանակ ազդող գործիքի մեկ ներգործության արդյունքում:

Դատարանը հանգել է հետևության, որ հագուստները` որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը, խուզարկության արձանագրությունը, ինչպես նաև դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 22-ի թիվ 14-1730 եզրակացությունը, սույն քրեական գործով անթույլատրելի են՝ որպես մեղադրանքի հիմքում դրվող ապացույց, դրանցից առաջին երկուսը դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված լինելու, իսկ վերջինը` դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված տվյալների վրա հիմնված լինելու հիմքով, ինչն ինքնին կասկածի տակ է դնում դրա արդյունքում uտացված փաuտական տվյալների հավաuտիությունը:

Մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում  դատարանը եզրահանգել է, որ հագուստների, խտասկավառակի զննում կատարելու մասին արձանագրությունները և դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության 14-1730 եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու պայմաններում նույնիսկ ձեռք բերված ապացույցները լիովին բավարար են թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստով Լ. Առուստամյանի մեղավորությունը հաստատելու համար, ուստի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 31-ի դատավճիռը բեկանել է, ամբաստանյալ Լազար Բորիսի Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (դիմողի բողոքի բացակայություն) հիմքով Լազար Բորիսի Առուստամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել ու թիվ ԱՎԴ/0053/01/14 քրեական գործի վարույթը կարճել:

Մեկ այլ՝ ԵԿԴ 0120/01/14 դատական գործով  վերաքննիչ դատարանը բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. դեկտեմբերի 2-ի  դատավճիռը և Արման Աթոյանին ճանաչել անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրվող արարքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Քրեական պատասխանատվության հիմքի, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, քրեական դատավարության օրենսդրության խնդիրների, օրինականության, անմեղության կանխավարկածի, ապացույցների, դրանց ստուգման, իրավական գնահատության, ապացուցման ենթական հանգամանքների վերաբերյալ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության վերոհիշյալ հիմնարար իրավադրույթների պահանջների համատեքստում քննության առնելով առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված ճանաչված փաստական հանգամանքներն առ այն, որ ամբաստանյալ Արման Աթոյանը 2014 թվականի հուլիսի 17-ին ապօրինի կերպով կրել է արհեստագործական եղանակով կռփազենքերի նմանողությամբ պատրաստված հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող մետաղյա առարկա, որը նույն օրը` ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 18-րդ հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից, և առաջին ատյանի դատարանի դատավճռով վերը նշված փաստական հանգամանքների հիմքում դրված ապացույցները, վերաքննիչ դատարանը, գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով կամ գոնե դրանց որոշակի համակցությամբ հնարավոր չէ միանշանակորեն հիմնավորված համարելու ամբաստանյալ Արման Աթոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը, մասնավորապես`դրա օբյեկտիվ կողմը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «անձնական խուզարկություն կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ Արման Աթոյանի մոտից արգելված ոչինչ չի հայտնաբերվել և չի վերցվել, քրեական գործում չի եղել նաև զենքի առգրավման արձանագրություն, հետևաբար սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե Ա. Աթոյանի մոտ հայտնաբերված և անհայտ պայմաններում փորձաքննության ուղարկված առարկան ինչպես է հայտնվել քրեական գործում, քանի որ առկա չէ առգրավման արձանագրություն, այն չի հայտնաբերվել կատարված անձնական խուզարկությամբ, իսկ ըստ ոստիկանների ցուցմունքների` նրանք Ա. Աթոյանից որևէ առարկա չեն վերցրել։ Վերոգրյալից հետևում է, որ փորձաքննության է ուղարկվել մի առարկա, որը հետագայում փորձագետի կողմից ճանաչվել է որպես սառը զենք, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է ապացույցների հավաքման, ստուգման, իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, որն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ քրեական գործում հայտնվել է իրեղեն ապացույց հանդիսացող զենք, որը սույն գործով հանդիսանում է հանցագործության առարկա, որի ապօրինի կրումը մեղսագրվել է ամբաստանյալ Ա. Աթոյանին, և որի շարժի ընթացքը քրեական գործում հստակ չի երևում:

Ապացույցների հավաքման, ստուգման և իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված խախտումները իրենց հերթին ուղեկցվել են կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքի էական խախտումներով, որն արտահայտվել է, մասնավորապես, նրանում, որ կասկածյալը միայն 02.08.2014թ. է  ծանոթացվել և' «սառը զենքի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին»  քննիչի 17.07.2014թ. որոշմանը և' փորձագետի 25.07.2014թ.  թիվ 2274-14 եզրակացությանը, ինչը զրկել է պաշտպանության կողմին այդ փուլում ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 247-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրացման հնարավորությունից, որը սույն քրեական գործի պայմաններում վերաքննիչ դատարանը դիտել է որպես քրեադատավարական օրենքի էական խախտում:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը եկել է համոզման, որ 25.07.2014 թվականի N 2274-14 դատաքրեագիտական փորձաքննության     եզրակացությունը    չի կարող գնահատվել որպես արժանահավատ և թույլատրելի ապացույց, նույն կերպ և նույն հիմնավորումներով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ անթույլատրելի պետք է ճանաչել նաև նախաքննական մարմնի 08.08.2014թ. «Իրեղեն ապացույց ճանաչելու և քրեական գործին կցելու մասին» որոշումը:

Եզրակացություններ`

 

 

  1. Ինքնիրավչության հանցակազմի քրեաիրավական բնութագրի վերաբերյալ Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության կողմից կազմակերպել հատուկ ուսուցում,
  2. ամփոփումն ուղարկել Կոմիտեի տարածքային մարմիններ և  ստորաբաժանումներ` նկարագրված խախտումներն օպերատիվ խորհրդակցությունում քննարկելու համար։