Հարցազրույցներ
01.12.18, 13:05

ՀՀ քրեական օրենսգրքով կարգավորվել են երեխաների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանն ուղղված մի քանի հիմնահարցեր

ՀՀ քրեական օրենսգրքով կարգավորվել են երեխաների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանն ուղղված մի քանի հիմնահարցեր

 

2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունված և 2018թ.-ի հունվարի 12-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով կարգավորվել են երեխաների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանն ուղղված մի քանի հիմնահարցեր:

ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Այս փոփոխություններով լրամշակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլուխը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար:

Փոփոխությունների համաձայն՝

1 . Քրեորեն պատժելի է համարվում երեխային ապօրինի բաժանելը ոչ միայն ծնողներից, այլ նաև՝ այն անձանցից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը՝ հաշվի առնելով, որ երեխայի դաստիարակությամբ և խնամքով կարող են զբաղվել նաև այլ անձինք՝ խնամակալներ, հոգաբարձուներ, խնամատար ծնողներ և այլն: Այսպիսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածը պաշտպանության տակ է առնում բոլոր այն անձանց, ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը և նրանցից երեխայի ապօրինի բաժանումը կհանդիսանա քրեորեն պատժելի արարք: Եթե պետությունն՝ ի դեմս պետական լիազոր մարմինների, վստահել է անձին երեխայի խնամքն ու դաստիարակությունը, հետևաբար պետությունը պետք է նաև պաշտպանի այդ անձանց՝ նրանց իրավունքների ոտնահարումից և կամայական վերաբերմունքից:

2 .Քրեականացվել է ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը: ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ներկայացվող հոդվածը ոչ միայն սահմանում է տեսակցությունների խոչընդոտելու պայմանը որպես քրեական պատասխանատվության հիմք, այլ նաև ներկայացնում դրանց քանակական ցուցիչը՝ անհիմն պատժիչ քաղաքականություն չիրականացնելու համար՝ հավասարակշռված պաշտպանության առնելով ծնողներին՝ որպես հավասար իրավունքներ կրող սուբյեկտների: Այս արարքի քրեականացման հիմք է հանդիսացել և՛ միջազգային, և՛ ազգային օրենսդրությամբ ամրագրված երեխայի՝ իր ծնողներին և մերձավոր ազգականներին/ ընտանիքին ճանաչելու և նրանց հետ կանոնավոր շփվելու իրավունքը, ինչպես նաև ծնողի իրավունքն ու պարտականությունը՝ դաստիարակել և խնամել իր երեխային: Այս հոդվածի տարանջատումը ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հանցագործությունից կայանում է հանցագործության օբյեկտի մեջ (առաջարկվող հոդվածով դա երեխայի շահերն ու իրավունքներն ապահովող հասարակական հարաբերություններն են, ինչպես դա նախատեսված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով), այնպես էլ օբյեկտիվ կողմով՝ գործողությունների/ անգործության շրջանակ:

3. Երեխայի դաստիարակելու պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կհամարվի հանցագործություն միայն այն դեպքում, երբ այդ արարքն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում: Այդ հետևանքը նախատեսելը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի կիրառելիությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մինչ այսօր չի գրանցվել որևէ մեղադրական դատավճիռ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով, քանի որ ՀՀ ՎԻՎՕ 178-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծնողների և նրանց փոխարինող անձանց կողմից երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար: Քանի որ միևնույն արարքը նախատեսված է և՛ ՀՀ քրեական օրենսգրքով, և՛ ՀՀ ՎԻՎՕ-ով, ապա անձի նկատմամբ կիրառելի է ի օգուտ նրա մեկնաբանող, այս դեպքում՝ մեղմ պատասխանատվություն նախատեսող օրենսդրությունը, այսինքն՝ քրեական պատասխանատվություն չի կիրառվում վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածում հետևանքի նախատեսումը հնարավորություն կընձեռի տարանջատել հանցանքը զանցանքից: Եթե երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը որևէ հետևանք չի առաջացրել, ապա դա զանցանք է, իսկ եթե առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝ հանցանք:

4 . Քրեականացվել է խնամատար ծնողի իրավունքները չարաշահելը: Այս փոփոխությունները պայմանավորված են ՀՀ ընտանեկան օրենսգրքում ամրագրված խնամատարության ինստիտուտի հզորացմանն ուղղված փոփոխություններով: ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածը պատասխանատվություն էր սահմանում խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելու համար: Քանի որ ներկայումս առաջնային նշանակություն է տրվելու խնամատարությանը, ապա հոդվածում խնամատար ծնողի կողմից խնամատարությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով օգտագործելը կամ հոգեզավակին առանց հսկողության կամ անհրաժեշտ աջակցության կամ օգնության թողնելը, որն առաջացրել է հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի էական խախտում նույնպես հանդիսանալու է հանցագործություն:

Դավիթ Թումասյան

ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և
վիճակագրական վարչության պետ