Հրաման՝ մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)
«08» դեկտեմբերի 2015թ. թիվ 134Լ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Ներդնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը:
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործերի նյութերի թվայնացման փորձարարական ծրագիրը ներդնելու վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործերի նյութերի թվայնացման փորձարարական ծրագիրը ներդնելու վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 8-Լ հրամանները:
4. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում քրեական գործերի նյութերի թվայնացումը շարունակել սույն հրամանով հաստատված կարգով:
5.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել քրեական գործերի նյութերի թվայնացման, ինչպես նաև քրեական գործերի թվայնացված նյութերի միասնական ներքին համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների տրամադրումը: (5-րդ կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
5.1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին՝ ապահովել քրեական գործերի թվայնացված նյութերի միասնական ներքին համակարգի տեխնիկական շահագործումը: (5.1-ին կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
6. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ից:
Ա. Գ. Հովսեփյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08. 12. 2018թ.
N 134- Լ հրամանի
(Հավելվածը փոփ. 19.03.2019. N 32-Լ)
ԿԱՐԳ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման հետ կապված հարաբերությունները:
2. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում 2016 թվականի հունվարի 11-ից հետո հարուցված, այլ մարմնից ստացված և վարույթ ընդունված քրեական գործի նյութերը ենթակա են թվայնացման: Վարույթը վերսկսված քրեական գործերի նյութերը ենթակա են թվայնացման, եթե դրանք հարուցվել են 2000 թվականի հունվարի 1-ից հետո:
3. Քրեական գործի նյութերը թվայնացվում են.
1) մեղադրական եզրակացություն կազմելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու, քրեական գործով վարույթը կարճելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումներ կայացնելուց առաջ,
2) անհրաժեշտությունն առաջանալու դեպքում (սույն կարգի 19-րդ կետի 1-8-րդ ենթակետերով նախատեսված իրավասու պաշտոնատար անձանց, հսկող դատախազի պահանջով և այլն):
4. Քրեական գործի նյութերի կցման, էջակալման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 30–րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցելիս անմիջապես համարակալվում է ըստ էջերի` համաձայն կցման ժամանակագրության:
5. Թվայնացման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են Կոմիտեի դեպարտամենտի համապատասխան ծառայողի միջոցով` քրեական գործը վարույթ ընդունած քննիչի պարտադիր ներկայությամբ:
6. Թվայնացման ենթակա փաստաթղթերի վնասման վտանգի առկայության դեպքում փաստաթուղթը թվայնացվում է թափանցիկ պոլիէթիլենային պանակում (ֆայլում) տեղադրված վիճակում:
7.Քրեական գործի թվայնացված նյութերը յուրաքանչյուր անգամ ներառվում են առանձին պանակներում (ֆոլդերներում), որոնք համարակալվում և վերնագրվում են հետևյալ հաջորդականությամբ` քրեական գործի համար, թվայնացման օր, ամիս, տարեթիվ, թվայնացման հերթական համար (երկնիշ թվերով): Նշված տվյալներն իրենց հերթին միմյանցից անջատվում են գծիկներով (օրինակ` 13101115-21.01.15-01):
8. Քրեական գործով վարույթը կարճելու, կասեցնելու, ըստ ենթակայության ուղարկելու, ինչպես նաև մեղադրական եզրակացություն կազմելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշումներ կայացնելուց հետո անմիջապես թվայնացվում են նաև նշված դատավարական փաստաթղթերը, որից հետո թվայնացված քրեական գործի նյութերն ամփոփվում են քրեական գործի համարը կրող մեկ պանակում (ֆոլդերում), որի մեկական օրինակը էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով պահվում է վարույթն իրականացրած քննիչի և մարմնի կամ ստորաբաժանման ղեկավարի մոտ:
9. Քրեական գործը Կոմիտեի այլ մարմին կամ ստորաբաժանում ըստ ենթակայության ուղարկելու դեպքում՝ քրեական գործի հետ ուղարկվում է նաև թվայնացված քրեական գործի նյութերն ամփոփող էլեկտրոնային կրիչը կամ լազերային սկավառակը, որի մասին նշվում է ուղեկցող նամակի մեջ:
10. Մեղադրական եզրակացություն կազմելուց կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց առաջ գործի նյութերին ծանոթացող կամ ծանոթանալուց հրաժարվող դատավարության մասնակցին ցանկության դեպքում քրեական գործի թվայնացված նյութերը տրամադրվում են էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ, 268-րդ հոդվածների համաձայն՝ այդ մասին նշում կատարելով քրեական գործի նյութերի ծանոթացման արձանագրության մեջ:
11.Գործի նյութերին կողմերի ծանոթանալուց հետո լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու դեպքում դատավարության մասնակիցներին էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով տրամադրվում է նյութերի թվայնացված տարբերակը լրացված մասով:
12. Սույն կարգով նախատեսված դեպքերում քրեական գործի թվայնացված նյութերը համապատասխան կրիչով տրամադրելուց կամ ուղարկելուց առաջ վարույթն իրականացնող քննիչի անմիջական վերադասի կողմից ստուգվում է թվայնացված նյութերի լրիվությունն ու համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի պահանջներին, դրանց ճշտությունը հավաստվում է էլեկտրոնային կրիչը տրամադրելու վերաբերյալ Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման պետի ստորագրությամբ հաստատված ուղեկցող նամակով, իսկ պատճենը կցվում է քրեական գործի նյութերին:
13. Քրեական գործում թվայնացման չենթարկվող, սակայն էջակալված իրեղեն ապացույցների, փաստաթղթերի, այլ նյութերի առկայության դեպքում այդ մասին նշվում է ուղեկցական գրության մեջ` կոնկրետ մատնանշելով դրանց համապատասխան էջերը:
14. Քրեական գործի թվայնացված նյութերը պահանջի առկայության դեպքում ուղարկվում են էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով՝
1) սույն կարգի 19-րդ կետի 1-8-րդ ենթակետերով նախատեսված իրավասու պաշտոնատար անձանց,
2) նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշման հետ միասին հսկող դատախազին:
15. Վարույթը կասեցված, ինչպես նաև ըստ անհրաժեշտության թվայնացված քրեական գործերի նյութերը թվայնացնելուց հետո մուտքագրվում են քրեական գործերի թվայնացված նյութերի միասնական ներքին համակարգ (այսուհետ՝ համակարգ):
16. Վարույթը կասեցված, ինչպես նաև ըստ անհրաժեշտության քրեական գործերի նյութերը թվայնացնելուց հետո մեկօրյա ժամկետում Կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժնի համապատասխան ծառայողը սահմանված ձևաթղթով (Ձև1)՝ ստորագրությամբ դրանք հանձնում է տվյալ քրեական գործով Կոմիտեի ծառայողի անմիջական վերադասին՝ համակարգ մուտքագրելու նպատակով:
17. Կոմիտեի ծառայողի անմիջական վերադասը քրեական գործերի թվայնացված նյութերի լրիվությունն ու համապատասխանությունը ստուգելուց հետո դրանք մեկօրյա ժամկետում մուտքագրում է համակարգ:
18. Համակարգն ընդգրկում է քրեական գործերի թվայնացված նյութերի համար նախատեսված Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող յուրաքանչյուր մարմնի և ստորաբաժանման անվամբ առանձին բաժիններ, որտեղ ներառվում են քրեական գործերի թվայնացված նյութերի պանակները (ֆոլդերները)՝ համարակալված սույն կարգով նախատեսված եղանակով:
19. Համակարգում ներառված քրեական գործերի թվայնացված նյութերը հասանելի են.
1) Կոմիտեի նախագահին՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիներում և ստորաբաժանումներում քննվող բոլոր գործերով,
2) Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող մարմնի և (կամ) ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերով,
3) Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին և նրա տեղակալին՝ այդ վարչության վերահսկողության ոլորտում գտնվող մարմինների և (կամ) ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
4) Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ստորաբաժանումների պետերին և մյուս ծառայողներին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
5) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալներին և վերահսկողության վարչության պետին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
6) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալներին և մյուս ծառայողներին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
7) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետին և նրա տեղակալներին, իրենց վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
8) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի ծառայողներին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
9) Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կամ ստորաբաժանման պետին՝ տվյալ մարմնի կամ ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերով,
10) Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների կամ ստորաբաժանումների ծառայողների անմիջական վերադասներին՝ տվյալ ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով:
20. Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի ժամանակավոր բացակայության դեպքում՝ այլ ծառայողի կողմից փոխարինման մասին Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը տեղեկացնում է Կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնին, որն էլ փոխարինող պաշտոնատար անձի համար համակարգում կատարում է համապատասխան փոփոխություն՝ իր իրավասության շրջանակներում հասանելիությունն ապահովելու նպատակով:
21. Քրեական գործի թվայնացված նյութերն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 166-Լ հրամանով նախատեսված դեպքերի) ուղարկման ենթակա չեն ինտերնետով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, «Mulberry» էլեկտրոնային համակարգով:
Ձև 1
Քրեական գործ N _____________ հարուցման ամսաթիվ __________
Քննիչ (Ա.Ա.Հ) |
Հանձնվել է թվայնացման (ամսաթիվ) |
Թվայնացման ամսաթիվ |
Հանձնման ամսաթիվ |
Ընդունողի ստորագրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|