Լրահոս
24.06.20, 08:30

Ի պատասխան ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների

Ի պատասխան ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների

23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության  նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:

Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ Ռուբեն Վարդազարյանի կողմից քննչական մարմիններին տրված` վերը նշված ընդհանրական բնույթի և ԲԴԽ նախագահին ոչ հարիր որակումները վիրավորում են նախաքննական մարմինների աշխատակիցներին` ստվերելով նրանց կողմից իրականացվող բարդ, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը: Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն, սակայն, չբացառելով հանդերձ այդ հանգամանքը, վստահեցնում ենք, որ քննչական համակարգում այսօր բազմաթիվ են իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչները, որոնք, ջանք ու եռանդ չխնայելով, արդյունավետ և որակյալ քննություն են իրականացնում անգամ ամենաբարդ, ուժերի գերլարում պահանջող քրեական գործերով:

Եվ եթե Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նշում է, որ «ցանկացած դատավորի հասցեին հնչեցրած հայհոյանքն ընկալվում է, որ 240-ին են հայհոյում», ապա նույն կերպ պարոն Վարդազարյանն իր գնահատականներով վիրավորում է նախաքննական մարմինների հարյուրավոր քննիչների:

Կարծում ենք, որ ԲԴԽ նախագահի` նախաքննական մարմիններին ուղղված սուբյեկտիվ գնահատականները ոչ միայն փաստարկված և հիմնավոր չեն, այլ նաև չեն բխում պաշտոնատար անձի զբաղեցրած կարգավիճակից և էթիկայի կանոններից:

Ակնկալում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հնչեցրած վիրավորական բնույթի դատողությունների համար առնվազն հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից և այսուհետ կդրսևորի անհրաժեշտ զսպվածություն` զերծ մնալով քննչական մարմինների աշխատանքի վերաբերյալ չհիմնավորված և ոչ կոռեկտ հայտարարություններ հնչեցնելուց:

ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն