Լրահոս
24.09.19, 12:03

Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով հետախուզվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով հետախուզվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ՝ բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով նշված վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: