Հարցազրույցներ
26.10.23, 09:54

Իմ նկատմամբ երբևիցե որևէ սպառնալիք չի եղել, կարծում եմ՝ հասկացել են դրա անիմաստ լինելը․ Սարգիս Մարգարյան

Իմ նկատմամբ երբևիցե որևէ սպառնալիք չի եղել, կարծում եմ՝ հասկացել են դրա անիմաստ լինելը․ Սարգիս Մարգարյան

 

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է հանցագործության աճ՝ շուրջ 23 տոկոսով, սակայն սա մարզի իրավապահ մարմինների համար լիովին վերահսկելի է․ այս մասին Iravaban.net–ը «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասաց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը։

Քննիչի խոսքով՝ իր աշխատանքում կարևոր են ինչպես արդարությունը, անկողմնակալությունը, այնպես էլ աշխատանքի նկատմամբ բարեխղճությունն ու կարգապահությունը։

– Պարոն Մարգարյան, ինչպիսի՞ն է եղել հանցավորության վիճակը այս տարվա առաջին կիսամյակին Գեղարքունիքի մարզում։ Ո՞ր հանցատեսակներով վարույթներն են ավելի շատ գերակշռել։

– Գեղարքունիքի մարզում արձանագրվել է հանցագործության 1158 դեպք՝ նախորդ տարվա 943-ի դիմաց։ Աճել է առանձնապես ծանր և միջին ծանրության հանցագործությունների քանակը, որոշակիորեն նվազել են ծանր հանցագործությունները։ Եթե ըստ հանցատեսակների փորձենք դիտարկել, ապա մարզի տարածքում հասարակական անվտանգության կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության դեպքերը 469-ն են՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 275 դեպքի դիմաց, խուլիգանության 11 դեպք է եղել՝ 5-ի դիմաց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը աճել է 18 դեպքով՝ 40-ից դառնալով 58 դեպք: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազում է տեղի ունեցել․ 178 դեպք՝ նախորդ տարվա 229 դեպքի դիմաց, իսկ գողության նախորդ տարվա 156 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել է 77 դեպք, որից 27-ը բնակարանային, նախորդ տարվա 46-ի դիմաց:

Շուրջ 23 տոկոսով հանցագործությունների աճն, իհարկե, մտահոգիչ է և փաստում է առավելապես կանխարգելիչ, պրոֆիլակտիկ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը։ Սակայն ընդհանուր առմամբ մարզի իրավապահ մարմինների համար լիովին վերահսկելի է հանցավորության վիճակը։  

2023թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվել է 4204 քրեական վարույթ, որից 2261-ը եղել են նախկին տարիների ընթացքում վարույթը կասեցված գործեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քննվել էր 921 քրեական գործ։ Այս ցուցանիշները վկայում են ստորաբաժանման ծանրաբեռնվածության զգալի աճի մասին, ինչը թելադրված է մեկ տարի առաջ ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներով։ 

Հանցագործության դեպքերի աճն ուղիղ համեմատական ազդեցություն է թողել քննվող վարույթերի քանակական աճի վրա։ Ամենաշատ վարույթեր նախաձեռնվել են խարդախությունների, զենք զինամքերքի ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատման դեպքերով։ 

– Մարզի տարածքով է անցնում միջպետական Երևան-Սևան ավտոմայրուղին, որը հատկապես ամռան ընթացքում խիստ ծանրաբեռնվում է տուրիզմի պատճառով։ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ընդհանուր վիճակն ինչպիսին է եղել առաջին կիսամյակին։ Արդյո՞ք վերլուծվել է, թե մահվան, ծանր մարմնական վնասվածքներով պատահարները, որպես կանոն, ինչի հետևանք են եղել և ի՞նչ է արվել վարչության կողմից դրանց պատճառների,  նպաստող պայմանների վերացման ուղղությամբ։

– Իրականում մարզի տարածքով է անցնում ոչ միայն միջպետական Երևան-Սևան ավտոճանապարհը, այլ նաև՝ Սևան-Մարտունի-Գետափ իսկապես բանուկ ավտոճանապարհը, որը նույնպես պակաս նշանակություն չունի և աշխատում է ինտենսիվ: Իրականում, եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, կարող ենք ասել, որ վթարների արդյունքում պատճառված մարմնական վնասվածքների և առավել  ևս մահվան ելքով ավտոպատահարների դեպքերը մի փոքր նվազել են։ Մահվան ելքով ՃԵԿ հանցավոր խախտման 10 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 11-ի փոխարեն։ 

Վարույթների նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ արձանագրված դեպքերի հիմնական պատճառը եղել է արագության գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելը։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները տրանսպորտային միջոցը վարում են բալային միավորների սպառման պատճառով վարորդական իրավունքի կասեցման պայմաններում։ Բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը տեսնում է, որ ճանապարհատրանսպորտային հանցագործության կատարմանը նպաստել են այլ գործոններ՝ կապված երթևեկության կազմակերպման, գծանշումների, երթևեկության նշանների բացակայության հետ, անպայման միջնորդագրեր ներկայացնելու միջոցով դրանց վրա ենք հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը։     

– Արձանագրվե՞լ են արդյոք այս տարի Սևանա լճից ձկնագողության դեպքեր, որքանով են դրանք հայտնաբերվում։ Արդյոք հնարավոր լինում է քրեաիրավական մեխանիզմներով վերահսկել ձկնորսությունը։ 

– Նախ՝ պետք է նշեմ, որ 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով այդ ապօրինի ձկնորսության հանցակազմը զգալի փոփոխության է ենթարկվել։ Ըստ նոր իրավակարգավորումների՝ քրեական պատասխանատվության հարց կարող է առաջանալ այն դեպքում, երբ ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը, ապօրինի արդյունահանելը կատարվել է առերևույթ դրանց զանգվածային ոչնչացման կամ արդյունահանման եղանակ օգտագործելով, դրանց որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով, կամ արգելված վայրում՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով։ Հանցակազմի այս հատկանիշներին բնորոշ՝ Սևանա լճից ապօրինի որսի դեպքեր 2023թ.-ի առաջին կիսամյակում չեն արձանագրվել  և այդ փաստերով քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ 

Ապօրինի ձկնորսությունը վերահսկվում է ոչ միայն քրեաիրավական եղանակով, այլ նաև պրոֆիլակտիկայով, բնական պաշարների հաշվառմամբ, որսի թույլատրելի չափեր նախատեսելով, և որ ամենակարևորն է՝ վարչական մարմինների աշխատանքով: Նախաձեռնվել են վարույթներ Սևան ազգային պարկի համապատասխան աշխատակիցների աշխատանքին առերևույթ միջամտելու և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում խոչընդոտելու փաստով։ Քրեական վարույթով անձինք են ներգրավել որպես մեղադրյալներ և վարույթը ուղարկվել է դատարան: Դա նույնպես պայքարի միջոց է:

– Պարոն Մարգարյան, ինչպես որոշեցիք 16 տարեկանում դառնալ ոստկանության ակադեմիայի ունկնդիր։ 

– Հարցը հետաքրքիր է․ իրականում միջնակարգ կրթությունս եղել է գերազանց, իսկ ոստկանության ակադեմիայի ունկնդիր լինելը ենթադրում էր բարձր գիտելիքի առկայություն։ Այդ ուղղություն ընտրելուն օգնել են նաև ծնողներս, որոնց շնորհակալ եմ:

– Ի՞նչն էր Ձեզ գրավում ոստիկանի, քննիչի աշխատանքում։

– Սովորելով և ավարտելով ոստիկանության ակադեմիան, անցել եմ պրակտիկա տարբեր ծառայություններում, այդ թվում ոստիկանության համակարգում այդ ժամանակ գործող քննչական բաժիններում: Պրակտիկայի ընթացքում պատկերացում կազմելով իրավապահ համակարգում աշխատանքի մասին, մասնավորապես կատարված արարքները քննությամբ բացահայտելու, մտավոր աշխատանքով հանցագործության դեմ պայքարելու հանգամանքները խթան հանդիսացան ընտրելու քննչական աշխատանքը և քննիչ կոչման ձգտումը: 

– 2021 թվականից Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնն եք զբաղեցրել, իսկ հիմա Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունն եք ղեկավարում։ Կարո՞ղ եք նշել, թե ինչ առանձնահատկություններ ունեն այդ մարզերը կրիմինալ տեսանկյունից։

– Նախ ցանկանում եմ նշել, որ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով պատիվ եմ ունեցել շուրջ երկու տարի ղեկավարել Սյունիքի մարզային քննչական վարչությունը, նույնքան պատվով ներկայումս ղեկավարում եմ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունը:  

Երկուսն էլ սահմանամերձ են և պարբերաբար ենթարկվում են թշնամու զինուժի հարձակմանը կամ սադրանքներին։ Այդ հանգամանքները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել տարածաշրջանի բնակչության սոցիալ-հոգեբանության, բնավորության, միջանձնային հարաբերությունների և այլնի վրա: Բայց նշված երկու մարզերում էլ էական տարբերություն չկա կրիմինալ տեսանկյունից, կարելի է ասել՝ տեղային առանձնահատկությամբ պայմանավորված՝ նույնպես:

– Հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր աշխատանքային պրակտիկայի առաջին գործը։

– Այո, իհարկե։ Որպես քննիչ աշխատելիս առաջին քրեական վարույթը, որը այդ ժամանակ կոչվում էր քրեական գործ, վերաբերում էր մի ընտանիքում կատարված բռնության․ ամուսինը հարբած վիճակում ծեծի էր ենթարկել իր կնոջը։ Քննություն կատարեցի, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան:

– 2020-ի նոյեմբերի 6-ից որպես կամավոր մասնակցել եք 44-օրյա պատերազմին։ Ո՞րն է եղել հենց այդ ժամանակ Արցախ մեկնելու պատճառը։

– Ձգտել եմ առավելագույնս ծառայել իմ պետությանը և հպարտ եմ, որ աշխատանքի բերումով էլ հնարավորություն ունեմ այն իրականացնելու։ Սակայն այդ օրհասական ժամանակահատվածում նախընտրել եմ թշնամու կողմից իրականացված հարձակման դեմ մեր պաշտպանության մասնակցելը և կամավոր քննչական կոմիտեի ստորաբաժանման կազմում, որպես դասակի հրամանատար, կցագրվել եմ և մեկնել մարտական առաջադրանքի կատարման։ Անկեղծ ասած՝ չէի ցանկանա հիմա դրա մասին շատ խոսել։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու, տղամարդու առաքելությունն է հայրենիքի պաշտպանության նվիրական գործին անմնացորդ ծառայելը ու պետության կանչին հետևելը։ 

– Ի՞նչ խնդիրների են հիմնականում բախվում քննիչները իրենց աշխատանքային պրակտիկայում և ինչ մեխանիզմներ են կիրառվում դրանց հաղթահարման համար։

– Քննիչների համար պետությունը ստեղծել է աշխատանքային բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ովքեր համակարգում են տևական ժամանակ, տարբերությունները չեն կարող չզգալ։ Հիմա աշխատանքի ընթացքում առավելապես աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ կան, որոնք օբյեկտիվ հիմքեր ունեն։ Օրինակ՝ խիստ ծանրաբեռնվածությունը, քրեական վարույթներով նշանակվող փորձաքննությունների ձգձգումները, որոնք ևս փորձագիտական կենտրոնների ծանրաբեռնվածության հետևանք են, բայց ազդում են քրեական վարույթի ընթացքի վրա՝ հատկապես ժամկետների առումով։ Բացի այդ, կա աշխատանքային նորանոր հարաբերությունների փորձի պակաս՝ պայմանավորված նախաքննության տեխնոլոգիական հագեցման հետ, որը ժամանակի հրամայական է: Բայց ամեն ինչ հաղթահարելի է։ Կարևորը՝ լինի աշխատանքին որպես առաքելության մոտենալու, պետությանն ուժ ժողովրդին ծառայելու ներքին գիտակցում և թիմային ոգի։ 

– Աշխատանքով պայմանավորված երբևէ բախվե՞լ եք Ձեզ ուղղված սպառնալիքների։ 

– Երբևիցե չի եղել որևէ սպառնալիք կամ դրա փորձ։ Կարծում եմ՝ մինչև դրան հասնելը հասկացել են դրա անիմաստ լինելը:

– Որո՞նք են ձեզ համար այն հիմնական սկզբունքները, որոնց պետք է դավանի քննիչը իր աշխատանքային գործունության ընթացքում։ 

– Արդարամտություն, աշխատանքի նկատմամբ բարեխղճություն, կարգապահություն, անկողմնակալություն։ Գիտեք, նախաքննության կազմակերպման և իրականացման գործընթացում  պահանջվում է աշխատանքային և մարդկային հստակ սկզբունքների պահպանում։ Դրա համար քննչական կոմիտեի ղեկավարությունը պարբերաբար համապատասխան հրամաններով, հանձնարարականներով, մեթոդական օգնությամբ համակարգի աշխատանքը և աշխատակիցների վարքը ուղորդում է դեպի վերը նշված սկզբունքները՝ առանցքում ունենալով աշխատանքում քննիչի ինքնուրույնությունը: 

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: