Լրահոս
31.07.18, 11:06

Իրացվել են Վանուշ Խանամիրյանին նվիրված հուշ երեկոյի կեղծ տոմսեր. առաջադրվել են մեղադրանքներ

Իրացվել են Վանուշ Խանամիրյանին նվիրված հուշ երեկոյի կեղծ տոմսեր. առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։

2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր, որոնք, ենթադրաբար, պետք է տեղի ունենային երկու տարբեր օրերի, սակայն տոմսերում մատնանշված օրը պարզել են, որ իրականում նման միջոցառումներ նախատեսված չեն եղել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են իրականում չնախատեսված մշակութային միջոցառման կեղծ տոմսերի իրացման հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Այսպես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առերևույթ խարդախությունն իրականացվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորների կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը՝ ծնված 1976թ, իրականում չնախատեսված մշակութային միջոցառման մասնակցության կեղծ տոմսերի իրացմամբ տարբեր անձանցից գումարներ հափշտակելու շուրջ 2016թ. մայիսին նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ կալանավորի հետ, ծրագրել ու մշակել է կալանավայրից առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:

42-ամյա տղամարդը, համացանցի միջոցով ձեռք է բերել տարբեր պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների ու ընկերությունների հեռախոսահամարները, զանգահարել և դրանց տնօրեններին ներկայացել իբրև Երևանի քաղաքապետարանի աշխատակից, տեղեկացրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված ենթադրյալ միջոցառման կազմակերպման մասին և առաջարկել գնել տոմսեր: Իսկ նույն ՔԿՀ-ի մյուս կալանավորը, մոլորեցնելով ազատության մեջ գտնվող իր ծանոթներին, նրանց միջոցով իրականացրել է այդ տոմսերի առաքում-վաճառքը, դրանց գումարների հավաքագրումը:

Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ընկերությունների հետ, իսկ կեղծ տոմսերից ստացված գումարները հափշտակվել են:

Բացի այդ, 42-ամյա կալանավորը, գայթակղվելով կատարված առերևույթ խարդախության հաջողությունից, 2016թ. սեպտեմբերին շարունակել է նույն գործունեությունը, այս անգամ՝ միանձնյա:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 42-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մյուս կալանավորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 42 անձ ճանաչվել է տուժող։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: