Հարցազրույցներ
04.04.24, 12:33

Iravaban.net-ի հարցազրույցը 2023-ին Քննչական կոմիտեի տարվա «Լավագույն քննիչ» ճանաչված Լևոն Քաջազնունու հետ․ տեսանյութ

 

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ աշխատավայրում ենք գիշերել»,-այս մասին Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լևոն Քաջազնունին՝ խոսելով իր ծանրաբեռնվածության մասին։

Քաջազնունու հետ խոսել ենք նաև քննիչի աշխատանքի, դժվարությունների և ստելու մասին։

– Պարո՛ն Քաջազնունի, Քննչական կոմիտեի տարվա լավագույն քննիչ եք ճանաչվել։ Կարո՞ղ եք նշել, թե ինչո՞վ եք աչքի ընկեր 2023-ին։

– Աչքի եմ ընկել իմ կատարած աշխատանքով, քանի որ «Լավագույն քննիչ» ճանաչվում է այն անձը, ով կատարել է բավականին լավ աշխատանք միայն այդ չափանիշի հիման վրա։ Քրեական վարույթով նախաքննության ընթացքում կատարած աշխատանք, աշխատանքի որակ, քանակ, ծանրաբեռնվածություն, ինչու չէ նաև մարդկային որակներ։

-Ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնում ո՞ր գործերն են եղել Ձեր անմիջական վերահսկողության տակ, ի՞նչ առանձնահատկություններ են ունեցել դրանք։

– Հաշվի առնելով բաժնի առանձնահատկությունը՝ ծանր հանցագործների քննության բաժնում քննվող գրեթե յուրաքանչյուր գործ ունի իր հնչեղությունը, ծանրությունը՝ ինչ-որ մի հանգամանքով տարբերվելով քրեական վարույթներից։ Նախաքննությունը հանձնարարվում է ծանր հանցագործությունների քննության բաժնին, ուստի կդժվարանամ առանձնացնել դրանցից որևէ մեկը, քանի որ յուրաքանչյուրը յուրովի կարևոր է և հնչեղություն ունի։

– Ինչպե՞ս եք որոշել քննիչի աշխատանքն ընտրել։ Մանկության երազա՞նք է եղել։

– Ո՛չ, մանկության երազանք չի եղել։ Այդ որոշումը կայացրել եմ ունենալով ընտանիքում նույն համակարգում աշխատող անձ՝ հայրս, դուրս եկել է այդ աշխատանքը, որոշել եմ շարունակել իր ճանապարհը։

-Անընդհատ նշվում է, որ քննիչները բավականին ծանրաբեռնված են աշխատում։ Կարո՞ղ եք նշել՝ եղել են դեպքեր, երբ աշխատավայրում եք գիշերել։

-Բազմաթիվ դեպքեր են եղել, բայց դա ստիպված չի եղել, դա աշխատանքի բերումով է, քանի որ որոշակի գործողություններ հրատապ կատարելու նպատակով, չհապաղելով անհրաժեշտ է նաև գիշերել այստեղ, գիշերն աշխատել, որպեսզի առավոտյան պատրաստ լինի կատարվելիք աշխատանքները, գործողությունները։ Ծանր հանցագործության բաժնում, այսինքն՝ վերջին հինգ տարիների ընթացքում, բավականին եղել են։

– Կարո՞ղ եք նշել՝ վերջին գործը որն է եղել, որով ստիպված եք եղել ավելի երկար մնալ աշխատավայրում։

-10 օր առաջ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքով, 2 օր գիշերել ենք, ոչ միայն ես, այլև ամբողջ անձնակազմը գիշերել է վարչական շենքում։

-Միաժամանակ առավելագույնը քանի՞ քննչական գործ եք վարել։

-Ծանր հանցագործության բաժնում թիվը հասել է մինչև 15-20, իսկ տարածքային բաժիններում ավելի շատ է եղել, մինչև 30-35՝ չնայած դա ես նշում եմ տարիների առաջ աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, քանի որ ներկայումս տարածքներում ավելի ծանրաբեռնված են, անցնում է նույնիսկ 100-ը։ Ներկա պահին ծանրաբեռնվածությունը ավելի քիչ է ու դա նորմալ է։

-Նախաքննության ընթացքում կա՞ն քննչական գործողություններ, որոնք առավել գրավիչ են, առավել հետաքրքրական։

-Ունենալով 10 տարուց ավել քննչական ստաժ, փորձ՝ կդժվարանամ առանձնացնել որևէ քննչական գործ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները, հետաքրքիր կողմերը, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով, ինձ համար առավել հետաքրքիր են խուզարկությունները, դեպքի վայրի զննությունները, այսինքն՝ այնպիսի քննչական գործողություններ, որոնք կատարվում են աշխատասենյակից դուրս։

-Մի քիչ ավելի առարկայական խոսենք։ Դեպքեր եղե՞լ են, կամ գուցե կա՞ն նշաններ, որոնցով կողմնորոշվում եք, որ հարցաքննվող քաղաքացին ստում է։

-Եթե նկատի ունեք անձի դրսևորած վարքագիծը, ապա կդժվարանամ նման պնդում կատարել, քանի որ յուրաքանչյուր անձ, ըստ իս, որոշակի շարժումներ, գործողություններ, արտահայտություններ կատարում է տարբեր իրավիճակներում, այսինքն՝ չի կարելի միանշանակ ասել, որ տվյալ գործողություն կատարող յուրաքանչյուր անձ ստում է։ Հիմնականում անձի կողմից ստելու վերաբերյալ պնդումներ կատարում ենք քրեական վարույթով ձեռք բերված տվյալների վերլուծության արդյունքում։

-Ովքե՞ր են ավելի շատ ստում տղամարդի՞կ, կանա՞յք, երեխանե՞րը։

-Կարելի ասել՝ բոլորը ստում են, քանի որ խոսքը քննչական մարմնի, քրեական վարույթի մասին է։ Հիմնականում բոլորն էլ ստում են, եթե խոսքը այն անձի մասին է, ով կասկածվում կամ մեղադրվում է որևէ արարքի կատարման մեջ, ուստի տարանջատում չեմ կարող անել։

-Երբ խոսում եք Ձեր գործերի մասին, առաջինը ո՞րն եք մտաբերում։

-Հաշվի առնելով, ինչպես նշեցի, ծանր հանցագործության քննության բաժնում քննված, քննվող յուրաքանչյուր քրեական վարույթ ունի իր յուրահատկությունը, հնչեղությունը, կարևորությունը, ուստի կդժվարանամ ինչ-որ քրեական վարույթ՝ նախկինում քննված, հիշել։ Մտքիս եկավ վերջին դեպքը, ինչի մասին արդեն նշեցի։

-Եղե՞լ են դեպքեր, երբ որևէ քրեական վարույթի հետ կապված սպառնալիքներ եք ստացել։ Ի՞նչ եք արել նման դեպքերում։

-Ո՛չ, նման դեպք չի եղել, հետևաբար որևէ գործողություն չեմ կատարել։

-Փողոցում երբևէ հանդիպե՞լ եք Ձեր կողմից քննված գործերով մեղադրալների կամ դատվածությունը մարած անձանց, ինչպե՞ս են նրանք իրենց դրսևորել։

-Եղել են նմանատիպ դեպքեր, բայց իրենց պահվածքը շատ ադեկվատ է եղել, ուղղակի բարևել, անցել են, որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

-Ո՞ր գործերն են առավել ծանր թե՛ հոգեպես, թե՛ աշխատանքների ծավալի առումով։ Եղե՞լ են դեպքեր, երբ ցանկացել եք մոռանալ կոնկրետ գործի մանրամասները։

-Հոգեպես ծանր են միանշանակ այն քրեական վարույթները, որոնցով տուժած անձինք են հանդիսանում անչափահասները, այսինքն՝ անչափահասների դեմ ուղղված յուրաքանչյուր հանցանք ինձ համար հոգեպես շատ ծանր է թե՛ քննելը, թե՛ հանցանք կատարած անձի հետ շփվելը, օբյեկտիվ լինելը։ Այդ քրեական վարույթները փորձում եմ հնարավորինս քիչ հիշել ու մոռանալ, որոնք արդեն քննվել են։ Նման վարույթներ քննել եմ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում աշխատելու տարիներին՝ անառակաբարո գործողություններ կատարած անչափահասի նկատմամբ։

-Հետևու՞մ եք Ձեր գործերով ընթացող դատական քննություններին, դատավճիռներին։ Ներկա եղե՞լ եք դատավարությանը։

-Բաց աղբյուրներից հետևում եմ, թե ինչ փուլում է գտնվում դատաքննությունը, արդյոք անձի նկատմամբ կայացվել է կամ կայացվելու է ըստ քննության փուլերի մեղադրական վճիռ, թե ոչ։ Հետևելու արդյունքում ի հայտ կարող եմ բերել նաև նախաքննության փուլում թույլ տված բացթողումները, սխալները, ու դրանք բացառեմ հետագա վարույթների ընթացքում, այդ առումով հետևում եմ, բայց մասնակցել, օրինակ, դատաքննության, ո՛չ, երբևէ չեմ մասնակցել, ոչ միայն իմ, այլև ընդհանրապես որևէ քրեական վարույթով դատաքննության երբևէ չեմ մասնկացել հաշվի առնելով իմ պաշտոնը, կարգավիճակը, զերծ եմ մնում մասնակցելուց, քանի որ դա պաշտպանական կողմից կարող է սխալ ընկալվել։

-Դուք հավատու՞մ եք, որ ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկներն այսօր օգնում են մարդկանց փոխվել:

-Միանշանակ, ես այդպես եմ կարծում, քանի որ բազմաթիվ դեպքերում լինելով քրեակատարողական հիմնարկներում քննչական գործողություններ կատարելու նպատակով, բավականին տհաճ երևույթ է երկաթյա դռան փակվելը քո հետևից, դա կարող եմ ասել, քանի որ չեմ եղել մյուս կողմում, չգիտեմ, բայց կարծում եմ՝ դա բավականին դժվար է ու ծանր է, երբ սահմանափակված ես քո գտնվելու վայրի, գործողությունների, առօրյայի մեջ։ Ըստ իս, դրանից խուսափելու համար անձը պետք է, որ չկատարի հանցանք։

-Վերջին շրջանում ահասարսուռ դեպքեր են տեղի ունեցել (Պեմզաշենի, ուղիղ եթերում երեխային մոր կողմից նվաստացնելու, ծեծի ենթարկելու, տարեց կնոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու դեպքերը և այլն)։ Այդ ժամանակ քաղաքացիները սկսում են խոսել մահապատժի մասին։ Դու՞ք ինչ կարծիք ունեք այս մասին, արդյո՞ք մահապատիժը վերականգնելու անհրաժեշտություն կա։

-Գտնում եմ՝ ոչ, որովհետև, ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, մահապատիժը նման երևույթների համար շատ հեշտ պատիժ է, ընդամենը զրկվել կյանքից և վերջ, իսկ ցմահ ազատազրկումը, ըստ իս, շատ ավելի խիստ պատիժ է, ու այդ անձինք պետք է ապրեն շատ երկար և ցմահ քրեակատարողական հիմնարկներում։

-Այս ամենը հաշվի առնելով, ընտանիքի, անձնական կյանքի համար ժամանակ մնո՞ւմ է։

-Ընտանիքը չի կարող հասկանալ, որովհետև իմ աշխատանքի տրամադրությունը, սթրեսային վիճակը որոշ դեպքերում երբևէ տուն չեմ տանում, դա թողնում եմ աշխատանքի վայրում։ Ընտանիքին ժամանակ մնում է, ճիշտ է այնքան չի մնում, ինչքան կցանկանայինք, ինձ թվում է՝ ոչ միայն ես, այլև ՔԿ-ում աշխատող գրեթե բոլոր քննիչները, սակայն եթե ցանկանում ես ժամանակ տրամադրել ընտանիքիդ, ապա հաստատ կգտնես այդ ժամանակը՝ անկախ որ ժամին ես տուն գնում։ Երբ ես քննիչ էի դառնում, իմ ընտանիքը սահմանափակվում էր հայր, մայր, քույր պասիվ դիրքում են եղել մայրիկն ու քույրիկը, հայրիկը միանշանակ ուրախ է եղել, երբ որդին իր ճանապարհով է փորձել առաջ գնալ, իսկ ամուսնանալուց հետո ես արդեն բավականին երկար ժամանակ աշխատում էի, հիմա հարմարվել եմ դրան։