Լրահոս
17.03.17, 16:28

Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել. նախաքննությունը շարունակվում է

Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել. նախաքննությունը շարունակվում է

Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։

Քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ջրառատում 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները և կողմնակիցները։

Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին և անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Հակոբ Մելքոնյանին և անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ։