Հարցազրույցներ
12.04.24, 10:10

«Կալանավորն ասաց՝ ես 7 տարի, 15 տարի հետո էլ դուրս եկա, քեզ սպանելու եմ․ մինչև հիմա հանգիստ ապրում եմ»․ ավագ քննիչ Նազելի Սարգսյան

 

«Դեռ մանկուց, երբ համազգեստով անձ էի տեսնում դրսում, միշտ մտածում էի՝ ինչ մասնագիտություն ունի նա, և երբ հասունացա, հասկացա, որ տարանջատվում էին համազգեստով մարդիկ։ Իրավագիտության ֆակուլտետում ուսումնասիրելով մասնագիտությունների տարբերությունները՝ հասկացա, որ քննիչի մասնագիտությունն է ինձ հոգեհարազատ»,-այս մասին Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի Ավագ քննիչ Նազելի Սարգսյանը:

-Դժվարությունների և հիասթափությունների Ձեր կարիերայում հաճա՞խ են հանդիպում։

-Դժվարություններ եղել են, ամեն դեպքում բարդ մասնագիտություն ունենք, իսկ հիասթափություններ անձամբ ես չեմ ունեցել։

-Մասնագիտության ընտրությունն ազդեցություն ունեցե՞լ է Ձեր անձնական կյանքի վրա։

-Յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, պետք է կարողանա տարանջատել անձնական կյանքը գործնականից։ Ես փորձում եմ առաջնորդվել այդ սկզբունքով և դա օգնում է, որ  մասնագիտությունս անձնական կյանքիս վրա ազդեցություն չունենա։

-Ընտանիքում ինչպե՞ս ընդունվեց քննիչ դառնալու Ձեր որոշումը։

-Ընտանիքս չի խոչընդոտել իմ որոշումներին և մշտապես աջակցել է ինձ։

-Մարտավարական ի՞նչ առանձնահատկություն կամ բնավորության հատուկ գծեր կնշեք, որոնք հատուկ են քննիչին։

Քննիչին անհրաժեշտ է մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, ցանկացած իրավիճակում արագ լուծումներ գտնելու հնարավորություն և ամուր կամք, կարևոր է նաև սառնասրտությունը։

-Աշխատանքի ընթացքում կարող են լինել դեպքեր, երբ հարցաքննվողը գործի է դնում տարատեսակ մանիպուլյացիաներ, ստացվո՞ւմ է չտրվել դրանց և շարունակել աշխատել։

Քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելիս պարտադիր է մասնագիտացված հոգեբանի հետ առանձնազրույցը, որի ընթացքում քննիչի մասնագիտական և կամային հատկանիշներն ի հայտ են բերվում։ Իմ աշխատանքային փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման դեպքերը ինձ վրա երբեք որևէ ազդեցություն չեն ունեցել և չեն էլ կարող ունենալ։

-Պատկերացնո՞ւմ եք Ձեզ այլ ոլորտում։

-Մանկության երազանքս է քննիչ դառնալը և ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում։

Անընդհատ նշվում է, որ քննիչները շատ ծանրաբեռնված են աշխատում, կհիշե՞ք դեպք, երբ աշխատավայրում եք գիշերել։

-Այս մասնագիտությունն ընտրելիս պատկերացրել եմ ողջ բարդությունը և եղել են դեպքեր, որ մնացել ենք աշխատավայրում և իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ։

-Առավելագույնը քանի՞ քննչական գործ եք միաժամանակ քննել։

-Եղել է ժամանակաշրջան, երբ իմ կողմից միաժամանակ քննվել է 75-80 քրեական վարույթներ։

-Աշխատանքի բերումով՝ սպառնալիքներ ստացե՞լ եք։

-Դատարանում իմ առաջին նիստի ժամանակ՝ կալանավորը ասաց ես 7 տարի, 15 տարի հետո էլ դուրս եկա, քեզ սպանելու եմ, մինչև հիմա հանգիստ ապրում եմ։

-Կա՞ որևէ գործ, որն առանձնահատուկ հետք է թողել Ձեր կարիերայի վրա։

-Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դա հափշտակության հետ կապված դեպք էր, որն արել եմ ինքնուրույն և որպես առաջին գործ՝ մեծ սիրով հիշում եմ։