Լրահոս
02.12.15, 15:11

Կապանում 76-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը. նա կալանավորվել է

Կապանում 76-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել  տուժողի կնոջը. նա կալանավորվել է


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 76-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը։

76-ամյա Ռ.Հակոբյանի դին հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերի 29-ին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով, իր տան բազմոցին պառկած։ Դեպքի վարի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև  կնոջ հողաթափերի վրա:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ռ.Հակոբյանի 64-ամյա կնոջն այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նկատի ունենալով, որ սպանության մեջ մեղադրվող կինը 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։