Խարդախության արդյունքում տուժել է 20 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի հանգամանքները։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա տղամարդը «լիստ.ամ» կայքից տեղեկանալով տարբեր մարդկանց կողմից ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարությունների մասին, խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2019-2020թ. տարբեր ժամանակահատվածներում տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակով և առանց որևէ գումար վճարելու վերցրել է այդ ավտոմեքենաները:
Այնուհետև ավտոմեքենաների վերաբերյալ հայտարարություններ տեղադրել «լիստ.ամ» կայքում, ավելի թանկ վաճառելու մտադրությամբ, որի միջոցով կապ հաստատելով տարբեր մարդկանց հետ, վստահություն ներշնչելով ավտոմեքենայի վերաբերյալ գործարք կատարել՝ այդկերպ մեքենաների իրական տերերին՝ 20 անձի, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: