Խուլիգանության գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են 2 տասնյակից ավելի հափշտակություններ
Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2 տասնյակից ավելի հափշտակության դեպքեր:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 28-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, Երևանի բժշկական կենտրոններից մեկում ալկոհոլի ազդեցության տակ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ՝ բարձր հայհոյանքներ հնչեցրել ինչպես կնոջ, այնպես էլ բուժաշխատողների հասցեին: Տղամարդուն հանդարտեցնելու համար միջամտել է հիվանդանոցում պետական պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը, սակայն տղամարդը շարունակել է հայհոյել, դանակով սպառնացել և բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ:
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ 29-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների մասնակցությամբ տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի հափշտակություններ:
Մասնավորապես՝ 2016թ. նոյեմբերից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 29-ամյա տղամարդը իր 2 ընկերների հետ տարբեր վայրերից՝ ճանապարհներին տեղադրված սուրճի սարքավորումներից, խանութներից, կատարել են մի շարք հափշտակություններ և հափշտակությունների փորձեր:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված հափշտակությունների բոլոր հանգամանքների վերաբերյալ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի: 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով: 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (11 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (21 դրվագ), իսկ երրորդ անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (11 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (18 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: