Լրահոս
19.08.15, 15:00

Խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ

Խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շիրազի փողոցում օգոստոսի 18-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ:

 

2015 թվականի  օգոստոսի 18-ի երեկոյան,  Երևան քաղաքի Շիրազի փողոցի 30-րդ հասցեի դիմաց մի խումբ անձինք,  դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, որի ընթացքում վիճաբանության մասնակիցների մեկի կողմից գործադրվել է  զենք՝ ատրճանակ: Նշված վիճաբանության ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով  որովայնի շրջանում թափանցող վնասվածք է պատճառվել   1986 թ. ծնված Գ. Ասատրյանին։

 

Դեպքի առթիվ օգոստոսի 19-ին Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը),  258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն՝  զենքի գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է  երկու պարկուճ։ 

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։