Լրահոս
27.09.16, 12:14

Կնոջը ներգրավել է պոռնկության մեջ. Քրեական գործն ուղարկվել է դատարան

Կնոջը ներգրավել է պոռնկության մեջ. Քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 45-ամյա բնակչուհին 2016թ. հունվարին սոցիալական կայքով հաղորդակցություն է հաստատել իր ծանոթ մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս  ծանր սոցիալական վիճակի մասին` առաջարկել է մեկնել Դուբայ՝ բարձր վարձատրությամբ աշխատելու։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, ստանալով ծանոթի համաձայնությունը, 45-ամյա կինը, շահադիտական նպատակներով, կազմակերպել է նրա տեղափոխումը արտերկիր, որտեղ նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով, ինչի համար ստացել է միջնորդավճար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: