Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
11.05.17, 08:32

Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 

2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
 

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի,օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝  բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել,որ  Գ.Մեսրոպյանն  սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 
 

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։ 
 

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: