Լրահոս
24.03.15, 16:43

Կոտայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով

Կոտայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով

 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշված մարզում այսօր տեղի ունեցած գողության փորձի եւ հնչած կրակոցների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։

 

Նախնական տվյալներով՝ մարտի 24-ին՝ ժամը 10-ի սահմաններում, երկու անձ  փորձել է մուտք գործել Բյուրեղավան քաղաքի բնակելի շենքի բնակարաններից մեկը, իսկ երրորդն սպասել  է դրսում: Դեպքի պահին տանտիրուհին գտնվել է տանը, ով նկատելով, որ իրեն անծանոթ անձինք փորձում են բացել բնակարանի մուտքի դուռը, անմիջապես զանգահարել է ամուսնուն։ Վերջինս շտապել է տուն և, հանդիպելով հիշյալ անձանց, պարզաբանում պահանջել։ Առերեւյթ հանցագործություն կատարած անձինք ատրճանակով սպառնացել են  տանտիրոջը, ապա դրսում իրենց սպասող ավտոմեքենայով դիմել փախուստի:

 

Տանտերն ընկերոջ հետ հետապնդել է իր բնակարան մուտք գործելու փորձ կատարած անձանց։

Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենայից իջել է նշված երեք անձանցից մեկը, ով եղել է զինված։ Առաջացած քաշքշուկի ժամանակ տանտերը փորձել է վնասազերծել զինված անձին, որի  ժամանակ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով զինված անձը եւ բնակարանատերն ստացել են հրազենային վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ, 137-րդ եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով։

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: