Կուրթան գյուղի 18-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալը կալանավորվել է
Կուրթան գյուղի բնակիչ, 18-ամյա Առաքելյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են դեպքի մանրամասները եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:10-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ ստորին կողմնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Կուրթան գյուղի անչափահաս բնակիչը (ծնված 1997 թվականի հունվարի 28-ին) համագյուղացի Թամարյանին պարտված գրազը մարելու շուրջ 2015 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, նույն գյուղի «Զավոդի տարածք» կոչվող տեղանքում կայացած պարզաբանման ընթացքում վիճաբանության մեջ է մտել համագյուղացիներ Ս.Օչինյանի և Հ.Առաքելյանի հետ։
Վիճաբանության ընթացքում իրեն անպատվելու և քաշքշելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով անչափահաս բնակիչը նախապես իր հետ վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Առաքելյանի կրծքավանդակի ձախ ստորին կողմնային շրջանին։ Հարվածի հետեւանքով վերջինիս պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնաս` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի, 12-րդ կողոսկրի մասնահատումի, ձախակողմյան պնևմոթորաքսի ձևով:
Հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով Կուրթան գյուղի 17-ամյա բնակիչը հունվարի 17-ին ձերբակալվել է, իսկ 2015 թվականի հունվարի 20-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինա կան ուժի մեջ մտած դատավճռով։