Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ավազակություն կատարելու գործն ուղարկվել է դատարան (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է hամակցված կերերի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, 53-ամյա տղամարդը, դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող համակցված կերերի մասնագիտացված խանութի վաճառողուհու գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցնելով խոշոր չափերի՝ 880.000 ՀՀ դրամ գումար և աշխատակցուհուն պատկանող բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: