Լրահոս
27.10.17, 11:07

Լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով հորատանցողը տեղում մահացել է. հարուցվել է քրեական գործ

Լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով հորատանցողը տեղում մահացել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ:

2017թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանք, որտեղ, մինչև խմբի հասնելը, մահացել է մի տղամարդ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրի 1-ին տեղամասում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով նույն ընկերության հորատանցող Վ.Սահակյանը, աշխատավայրի նախապատրաստական աշխատանքներ կատարելիս, մնացել է հանքաքարի տակ ու ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: