Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը 2020թ. մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնի տարածք և բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել տարբեր տեսակի ծառեր: Այնուհետև, իր 24-ամյա ընկերոջ ավտոմեքենայով փայտանյութը տեղափոխել է Լոռու մարզի Լորուտ վարչական շրջանի տարածքում գտնվող կարի գործարանի տարածք` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
2020թ. մարտի 5-ին, 51-ամյա բնակիչը իր վերոնշյալ ընկերոջը հավաստիացրել է, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ունի համապատասխան փաստաթուղթ, նրա հետ միասին նույն գործարանի տարածքից փայտանյութը բեռնել են իրեն պատկանող «Զիլ 130» համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որից հետո միայնակ ուղևորվել է դեպի Վանաձոր քաղաք: ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցվել է, ենթարկվել ստուգման և փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաղթերի բացակայության պատճառով տեղափոխվել Ոստիկանության տուգանային հրապարակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: