Մահվան ելքով ավտովթար՝ անչափահասների մասնակցությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Վեդի քաղաքի 15-ամյա բնակիչն իր կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով, Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում՝ Գոռավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ Երևան քաղաքի 13-ամյա բնակիչը, տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղից էլ նույն օրը՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը՝ ծնված 2005թ., բարեբախտաբար մարմնական վնասվածքներ չի ստացել:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժածների հագին վթարի պահին եղած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: