Մահվան ելքով ավտովթար՝ Արարատի մարզում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ապրիլի 4-ին տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի հանգամանքները:
2021թ. ապրիլի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող գյուղամիջյան ավտոճանապարհի Վերին Արտաշատ և Այգեպատ գյուղերի խաչմերուկի ճանապարհահատվածում միմյանց են բախվել «NISSAN X-TRAIL 2.0», «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է: Վերջինիս երկու ուղևորները, ինչպես նաև «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: