Մահվան ելքով ավտովթար՝ Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում բախվել են «Ժուկ-A06» և «Վոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ Հ.Հակոբյանը և Հ.Բարսեղյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: