Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝ վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: